«Գրին քարտի միջոցով Հայաստանից ավելի շատ մարդ է գնացել, քան Դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցչության». Կովալենկո

Ոչ ոք հայերին բռնությամբ չի ուղարկում Ռուսաստան, նրանք իրենք են գնում։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ըստ tert.am-ի` հայտարարել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն՝ պատասխանելով հարցին, թե  ինչո՞ւ եղբայրական երկիր Ռուսաստանը չի գնում Հայաստանին ընդառաջ և փակում «Հայրենակիցներ» պետական ծրագիրը, որը, շատերի կարծիքով, նպաստում է Հայաստանի քաղաքացիների՝ Ռուսաստան արտագաղթին։

«Արդյոք ինչ-որ մեկը հայերին Ռուսաստա՞ն է քաշում։ Ադյոք ինչ -որ մեկը բռնությա՞մբ է տանում այնտեղ։ Դուք կարծում եք՝ եթե փակեք ներկայացուցչությունը, մարդիկ չե՞ն գնա։ Արդյոք խնդիրը ներկայացուցչությա՞ն մեջ է»,- հարցրել է դեսպանը՝ նշելով, որ խնդիրը ոչ թե Միգրացիոն ծառայության ներկայացուցչությունն է, այլ ինչ-որ այլ բան։

«Ինչո՞ւ են մարդիկ գնում Հայաստանից։ Գնում են, քանի որ նրանք ինչ-որ օբյեկտիվ պատճառներ ունեն, և դա, անշուշտ, կապ չունի Դաշնային միգրացիոն ծառայության հետ»,- նշել է նա։

Դիվանագետի խոսքով՝ ՌԴ միգրացիոն ծառայության ներկայացուցչությունն աշխատում է, որպեսզի սահմանափակի անօրինական միգրացիան, որպեսզի այն մարդիկ, ովքեր գնում են Ռուսաստան աշխատելու, լինեն պաշտպանված, ունենան քիչ թե շատ նորմալ կյանքի պայմաններ և լավ աշխատավարձ։

«Հայերին ոչ ոք բռնությամբ Ռուսաստան չի տանում, նրանք իրենք են գնում։ Եթե փակենք ներկայացուցչությունը, միգրացիան չի դադարի։ Այստեղ այլ պատճառներ կան»,- ընդգծել է Հայաստանում ՌԴ դեսպանը։

Շարունակելով՝ Վյաչեսլավ Կովալենկոն հարցրել է. «Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի հարցնում, թե ինչպես է աշխատում ԱՄՆ դեսպանատունը։ Ես կարող եմ ասել, որ գրին քարտի միջոցով Հայաստանից ավելի շատ մարդ է գնացել, քան Դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցչության։ Գրին քարտով 2007թ.-ից մինչ օրս գնացել է ավելի քան 5000 մարդ՝ ընտանիքներով, իսկ Միգրացիոն ծառայության միջոցով՝ 5000 մարդ՝ ընտանիքներով։ Ընդամենը 5 000 մարդ, իսկ ինչո՞ւ է այս աղմուկը, ինչո՞ւ է այս խոսակցությունը, ի՞նչ կապ ունի այստեղ ներկայացուցչությունը»։
Վյաչեսլավ Կովալենկոն ընդգծել է,  որ այդ հարցով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել վիճակագրությանը, թվերին, այդ դեպքում հարցը պարզ կլինի։

 

Տեսանյութեր

Լրահոս