ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս` միայն ամուսնության պետական գրանցում
Կառավարությունը նախատեսում է հոկտեմբերի 10-ի նիստում սահմանել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ կատարելու դեպքերը և կարգը:
Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ըստ որոշման նախագծի, ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս կարող է կատարվել միայն ամուսնության պետական գրանցումը և որոշակի դեպքերում: Մասնավորապես, դա վերաբերում է այն դեպքերին, երբ ամուսնացող անձինք կամ ամուսնացողներից մեկը չեն կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին ծանր հիվանդության կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարգելի այլ պատճառներով, երբ ամուսնացող անձինք կամ անձանցից մեկը կալանավորված են կամ պատիժ են կրում ազատազրկման վայրերում: ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս ամուսնության պետական գրանցումը կարող է կատարվել նաև ամուսնացող անձանց ցանկությամբ` այս կարգով նախատեսված գումարը վճարելու դեպքում, եթե բացակայում են վերոհիշյալ երկու հանգամանքները:
Ամուսնության պետական գրանցումը ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս կատարելու համար ՔԿԱԳ մարմնի աշխատակցի փոխադրումը ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից մինչև ամուսնության պետական գրանցման համապատասխան վայր և հակառակ ուղղությամբ հոգում են ամուսնացող անձինք:
Նույն նիստում կառավարությունը նախատեսում է այս որոշումից բխող լրացում կատարել իր 2011 թ.-ի հունիսի 2-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու և իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման կամ ապոստիլ դնելու վճարովի ծառայության մատուցման պայմանագրի ձևը հաստատելու մասին» որոշման մեջ: Ըստ այդմ, ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս ամուսնացող անձանց ցանկությամբ ամուսնության պետական գրանցման համար սահմանվում է 50 հազար դրամի չափով վճար:
Ըստ որոշումներին կից հիմնավորման, նախագիծը հնարավորություն է տալիս ամուսնացող անձանց ամուսնության պետական գրանցումը վերջիններիս ցանկությամբ կատարել հանդիսավոր պայմաններում ՔԿԱԳ մարմնի գրասենյակից դուրս` համապատասխան վայրում, որի համար նրանք պետք է վճարեն 50 հազար ՀՀ դրամ: Նշված գումարի չափը որոշվել է այն հաշվարկով, որպեսզի, նախ` ՔԿԱԳ մարմնի գրասենյակից դուրս ամուսնության պետական գրանցումներ կատարելը չկրի համատարած բնույթ` խաթարելով ՔԿԱԳ մարմնի բնականոն գործունեությունը, մյուս կողմից հնարավորինս համարժեք լինի պետության կողմից մատուցվող վճարովի այլ ծառայությունների գների հետ (կորած անձնագրի արագ վերականգնում և այլն), ինչպես նաև նվազագույնի հասցնի նշված բնագավառում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը: