Դավիթ Հարությունյանը նոր է կարծիք ձևավորում Օսկանյանի մասին
«Իրենց քաղաքական ուժի իրավունքն է: Որոշել են՝ թող անեն. իրենց գործն է որոշել՝ ովքեր են ներկայացնում իրենց այս կամ այն կառույցում»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանն՝ անդրադառնալով ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Հովհաննիսյանի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Հովհաննիսյանը հայտարարել էին, որ պատրաստ են ցանկացած պահի ԵԽ ԽՎ պատվիրակության կազմում իրենց տեղը զիջել ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին՝ հասկանալով, որ ԵԽԽՎ պատգամավոր լինելը ԵԽ անդամ երկրի պատգամավորին օժտում է լրացուցիչ որոշ անձեռնմխելիությամբ:
«Դա յուրաքանչյուր քաղաքական ուժի իրավունքն է, բայց, կարծում եմ, որ ամենալավ ուղին չէ: Սա այն հարցն է, որ պետք է բաց քննարկվի. ով է այս պատմության ետևում կանգնած կամ մեղավոր՝ դա կլինի իրավապահ մամինները, թե կլինի պարոն Օսկանյանը: Իսկ արդյունքներից պետք է հետևություն անեն բոլորը: Չնայած՝ ես չեմ կարծում, որ պարոն Օսկանյանը կգնա այդ քայլին, որովհետև նա քաղաքական գործիչ է և, կարծում եմ, որ նրա համար ավելի կարևոր են քաղաքական քայլերը, քան ինչ-որ պաշտպանությունը»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, Վարդան Օսկանյանի հարցը ԵԽ ԽՎ-ի ուշադրության կենտրոնում կլինի:
Օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ԱԺ ներկայայացրած միջնորդագրի վերաբերյալ Դավիթ Հարությունյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ, քանի որ, նրա խոսքով, ներկա չի եղել հարցի խորհրդարանական քննարկմանն, ու այժմ ինքն իր համար կարծիք է ձևավորում, և երկրորդը՝ խնդիրը ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության լիազորության շրջանակում չէ, որն ինքը պատասխանի դրան:
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանն, ըստ որի՝ այն դեպքում, երբ Վարդան Օսկանյանի նկատմամբ մեղադրանքը չհաստատվի, դա կունենա իր հետևանքներև, Դավիթ Հարությանն այն որակեց «ճիշտ հայտարարություն»:
«Պատասխանատվության մեխանիզմը պետք է մտնի, ես կարծում եմ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը շատ ճիշտ է, ես որևէ խնդիր չեմ տեսնում այստեղ. կողմ եմ քաղաքական պատասխանատվությանը»,- շեշտեց Դավիթ Հարությունյանը: