«Պատրաստ ենք ցանկացած պահի ԵԽ ԽՎ պատվիրակության կազմում մեր տեղը զիջել Վարդան Օսկանյանին»
ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության ԲՀԿ անդամներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Հովհաննիսյանըն այսօր հայտարարություն են տարածել: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Հոկտեմբերի 2-5-ը որպես ԵԽԽՎ պատգամավորներ մասնակցելով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին՝ տեղեկացնում ենք, որ ԵԽԽՎ բազմաթիվ պատգամավորներ և ղեկավար կազմի անդամներ լրջորեն մտահոգված են Վարդան Օսկանյանի գործով, և մեզ հետ հանդիպումներում իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ու ԲՀԿ անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին։
ԵԽ ԽՎ բոլոր քաղաքական խմբերին և ազգային պատվիրակություններին տրամադրվել է համապատասխան փաթեթ, տեղյակ է պահվել գործի մանրամասներին, ինչին, ի դեպ, վերջիններս արդեն իսկ որոշակիորեն տեղեկացված էին Հայաստանում հավատարմագրված իրենց դեսպաններից, և մենք ստացել ենք լրջագույն երաշխիքներ առ այն, որ այս գործը լինելու է ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում։ Մեզանից, որպես ԵԽ ԽՎ պատգամավորների, խնդրել են Վարդան Օսկանյանի գործի հետ կապված յուրաքանչյուր զարգացման դեպքում օպերատիվ կերպով տեղեկացնել ԵԽ ԽՎ-ին՝ խոստանալով նույնքան օպերատիվ արձագանք։
Ավելին, ԵԽ ԽՎ տարբեր պաշտոնյաների հետ քննարկումների արդյունքում մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք ցանկացած պահի ԵԽԽՎ պատվիրակության կազմում մեր տեղը զիջել Վարդան Օսկանյանին՝ հասկանալով, որ ԵԽԽՎ պատգամավոր լինելը ԵԽ անդամ երկրի պատգամավորին օժտում է լրացուցիչ որոշ անձեռնմխելիությամբ»: