Սրճենու սերմի «գաղտնիքը»
Բուժիչ նամակներ
Սրճենու և դրա սերմի պատմությունը, ճակատագիրն իրոք որ լի են դրամատիկ և սիրո պատմություններով։ Ինչպես հավաստում են պատմական փաստերը, 9-րդ դարի սկզբից այն օգնել է արաբ ռազմիկներին դիմանալ երկարատև արշավանքների դժվարություններին։ Նույն կերպ են վարվել թուրք ենիչերիները 17-րդ դարում։ Այս երկրում սուրճը հայտարարվել է դիվային, իսկ կարճ ժամանակ անց` հրեշտակային ըմպելիք։
Իսկ Պրուսիայի արքա Վիլհելմ Մեծը 1777թ. ասել է. «Գարեջրի սովոր զինվորը սուրճ խմելով` կորցնում է իր մարտունակությունը»։ Աշխարհի ուժեղները բազմիցս են արգելել դրա վաճառքը և օգտագործումը։
Սուրճը կարծես թե ինքնին լի է հակասություններով, ինչը պարզ է դառնում թե՛ դրա պատմական անցյալից և՛ թե օգտագործման հետ կապված ուսումնասիրությունների իրարամերժ լինելուց։
Առավել հետաքրքիր է, որ միևնույն հումքով և պայմաններում պատրաստված ըմպելիքը կարող է տարբեր համ ու հոտ և ազդեցություն ունենալ։
Խնդիրը նրանում է, որ սուրճի յուրացման համար հարկավոր է, որ լյարդում սինթեզվի հատուկ նյութ, որը կոչվում է ֆերմենտ=խմորիչ։ Այդ գործընթացը վերահսկվում է հատուկ գենի միջոցով։ Ստացվում է, որ այդ գենը պետք է ճանաչի սուրճին բնորոշ գեները և գեներացնի որոշակի գործողություններ։ Ընդ որում, բացարձակապես կարևոր չէ սուրճի մեջ պարունակվող կոֆեինի քանակը։ Հատկապես հետաքրքիր են հետևյալ ուսումնասիրության արդյունքները.
- Այն անձանց մոտ, ովքեր կանոնավոր սուրճ են օգտագործում, կոֆեինի ներարկումը չի ազդում երակային ճնշման վրա։
- Հազվադեպ սուրճ օգտագործողների մոտ նկատվում է ճնշման աննշան բարձրացում, անկախ նրանից, թե սուրճի մեջ կա՞ կոֆեին, թե՞ ոչ։
Ուրեմն, խնդիրը կապված է ոչ թե կոֆեինի, այլ սուրճին բնորոշ այլ նյութերի կամ հատկության հետ։
33 տարի անընդմեջ` 1000 տղամարդկանց առողջական վիճակի ուսումնասիրությամբ ԱՄՆ գիտնականները ապացուցել են, որ սուրճը չի կարող հիպերտոնիկ հիվանդության պատճառ դառնալ։ Մի շարք հեղինակավոր եվրոպական բժշկական կազմակերպություններ գտնում են, որ սուրճը (նաև լուծվողը) կարելի է դասել նիհարեցնող սննդամթերքների շարքին։
Կա մի հանգամանք, որը չի կարելի անտեսել` սուրճի և ծխախոտի համատեղված ազդեցությունը զգալիորեն մեծացնում է նիկոտինի բացասական ազդեցությունը։
Սուրճը բարերար ազդեցություն ունի կենտրոնական նյարդային համակարգի վրա, բարձրացնում է հոգեկան կայունությունը շրջապատի ոչ բարենպաստ ազդեցությունների հանդեպ։
Սուրճ խմողների շրջանում անհամեմատ ավելի քիչ թիվ են կազմում ինքնասպանության հակված մարդիկ։
Շվեյցարացի փորձագետները («Նեստլե» ֆիրմայի) ապացուցել են, որ սուրճն ունի հակակոնցեռագեն հատկություն։ Նրանք ուսումնասիրել են սուրճի մեջ պարունակվող նյութերի ազեցությունը կենդանիների և մարդու բջիջների վրա։
Իտալացի բժիշկները մոտ 10.600 մարդկանց վրա կատարած ուսումնասիրությունների արդյունքում ապացուցել են, որ սուրճը չի բարձրացնում հաստ և ուղիղ աղիների քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, նույնիսկ կանխարգելիչ ազդեցություն ունի։
Շվեդ գիտնականները 40-76 տարեկան մոտ 59.000 կանանց մոտ չեն նկատել կապ սուրճի օգտագործման և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականության միջև։
Հայտնի է, որ կոֆեինը նպաստում է կալցիումի հեռացմանն օրգանիզմից։ Ապացուցված է, որ այդ կորուստը հավասարակշռելու համար բավարար է օրական ընդամենը 50 մլ կաթ խմել։
Վերոգրյալ հետևություններն ունեն էմպիրիկ, բազմաթիվ վիճակագրական տվյալների վրա հիմնված բնույթ։ Դրանք դժվար է բացատրել սուրճի մեջ պարունակվող, համենայն դեպս, այսօրվա վիճակով հայտնաբերված նյութերի ազդեցությամբ։ Հավանաբար սուրճն ազդում է գենետիկ մակարդակով, ինչը հեռու չէ իրականությունից։
Բազմաթիվ բժիշկներ և բուսաբույժներ խորհուրդ են տալիս ծանր հիվանդներին խմեցնել նրա ծննդյան օրվան համապատասխանող ծառի պատրաստուկ` խոսքը դրուիդների օրացույցում զետեղված ծառերի մասին է։
Հետաքրքիր է իմանալ, որ հին հայերը հավանաբար նույնպես ունեցել են հարուստ գիտելիքներ բույսերի բուժիչ հատկությունների վերաբերյալ։ Մեզ հայտնի են պատմական փաստեր, որոնք ապացուցում են այդ ենթադրությունը, որին շուտով կանդրադառնանք։
Սուրճի բուժիչ հատկությունները
Հարվարդի համալսարանի գիտնականները 10 տարվա ընթացքում հետազոտել են 1300 ինֆարկտ տարած մարդկանց առողջական վիճակը։ Մինչև 3 գավաթ բնական սուրճ խմողների շրջանում ինֆարկտի կրկնվելու հավանականությունը նվազել է մեկ երրորդով։
- Ցերեկային քունը նպաստում է շաքարային դիաբետի զարգացմանը։ Այդ ժամանակ խմեք 1 գավաթ սուրճ։ Կարևոր է նաև, որ սուրճը կանխարգելում է գիրացումը։
- Թունավորման, զարթխումի դեպքում, որպես լրացուցիչ միջոց, օգտակար է ուտել մի քանի սուրճի հատիկ կամ խմել 1-2 գավաթ սուրճ։
- Ճապոնացի գիտնականներն ապացուցել են, որ սուրճը կարգավորում է խոլեստերինի բաղադրությունը, ինչի շնորհիվ պահպանվում է անոթների առաձգականությունը։
- Դաշտանադադարի շրջանում 50 գ աղացած սուրճը խառնեք 500 գ գոլացրած (40 աստիճան) մեղրի հետ, ավելացրեք 50 մլ կիտրոնի հյութ։ Պահեք սառնարանում։ Կերեք 1-ական թ/գ, օրը 3 անգամ, սնվելուց 2 ժամ հետո։ Օգտակար է նաև հիպոտոնիայի (ցածր ճնշում) դեպքում։
- Բարձր ճնշման դեպքում սուրճը պատրաստելիս մի քանի անգամ եռացրեք։ Քամեք և ավելացրեք 1 գ դարչին։
- Առավոտյան սուրճից առաջ պարտադիր է թեթևակի սնվել, քանի որ սուրճը բարձրացնում է «սոված» ստամոքսի թթվայնությունը։ Բացի այդ, երբ մենք արթնանում ենք, արյան ճնշումն ինչ-որ չափով բարձրանում է։
- Ֆինն գիտնականները գտնում են, որ իրենց երկրում 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդների թիվը քիչ է այն պատճառով, որ նրանք շատ սուրճ են սպառում։
- Կանոնավոր սուրճ խմողների մոտ` 40 տոկոսով ցածր է լյարդի ցիռոզով հիվանդանալու հավանականությունը, գտնում են ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի բժիշկները։ Սակայն սուրճը նպաստում է արագ գինովանալուն։
- Սուրճն արագացնում է որոշ ցավազրկող դեղերի (անալգին) ներգործությունը։
- 40-69 տարեկան կանանց և տղամարդկանց (թվով 90.000) շրջանում անցկացրած հետազոտության արդյունքում ճապոնացի բժիշկներն ապացուցել են, որ չափավոր (1-3 գավաթ) սուրճ օգտագործողները համեմատաբար քիչ են հիվանդանում հաստ աղիի քաղցկեղով։
- Սև թեյի և սուրճի փոխարեն խմեք մատիտեղ թռչնի թուրմը։ Առավոտյան 200 մլ ծավալի խոտը 10 րոպե թրմեք 1 լ եռջրում։ Խմեք 200-ական մլ, օրը 3-5 անգամ` կանացի անպտղության դեպքում։
- Սուրճը դանդաղեցնում է երկաթի յուրացումը։
Ցանկացած հիվանդության սուր և քրոնիկ ընթացքի դեպքում սուրճն օգտագործեք միայն բժշկի թույլտվությամբ։