Սերժ Սարգսյանը համահայկական առաջնորդն է

ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր միջնորդագրին դեմ քվեարկած 6 պատգամավորների առկայությունն արդյոք չի՞ նշանակում, որ ԲՀԿ-ն յուրայիններ ունի ՀՀԿ-ի շարքում` 168.am-ի հարցին ի պատասխան, այսօր ասուլիսում ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովն ասաց.

«Ես այն կարծիքին եմ, որ եթե ԲՀԿ-ն ամբողջ կազմով մասնակցեր ընտրություններին, ապա կողմերը շատ ավելի շատ կլինեին: Ոչ թե կողմ են Վարդան Օսկանյանին, այլ մարդիկ, ովքեր գտնում են, որ պետք է հնարավորություն տալ իրավապահ մարմիններին՝ իրականացնել  իրենց սահմանադրական լիազորությունները, և պատճառներից մեկը, ըստ իս, նաև այն է, որ այլընտրանք հռչակած քաղաքական խմբակցությունը հրաժարվեց մասնակցել քվեարկությանը, իսկ եթե նրանք մասնակցեին, ապա նաև կմասնակցեին այլ խմբակցության ներկայացուցիչներ, իսկ  մենք  գոնե այլ խմբակցությունից ճանաչում ենք մեկ-երկու պատգամավորների, ովքեր արդեն հրապարակային իրենց հոդվածներում խոսում էին, որ պետք է կողմ քվեարկեն: Դա արդեն լրիվ այլ ոլորտից է: Նրանք պատճառաբանում էին այլ գործընթացներով»:

Իսկ հարցին, թե ՀՀ քաղաքացին ինչո՞ւ պետք է ընտրի Սերժ Սարգսյանին, և ինչո՞ւ պետք է չընտրի, ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. «Ինչի՞ չեն ընտրի` չեմ հասկանա, թե ինչի՞: Դա արդեն քաղաքական հայացքներից է: Քանի որ մենք քաղաքական բազմակարծության կողմնակից ենք, բնական է, որ տարբեր քաղաքական ուժեր կամ քաղաքացիներ ունեն տարբեր քաղաքական հայացքներ, և այդ իմաստով յուրաքանչյուր հասարակության մեջ էլ կա այլընտրանքային կարծիք:

Բայց ես չեմ կարծում, որ Հայաստանում այդ այլընտրանքային կարծիքը կարող է դոմինանտ լինել, որովհետև այս տարիների ընթացքում նախագահ Սարգսյանն իրականացրել է շատ կարևոր բարեփոխումներ. նախագահ Սարգսյանը կարողացել է մեր երկիրը քաղաքական ու բարոյական ճգնաժամից հանել: Այն թշնամանքի մթնոլորտը, որ կար 2008թ. Մարտի 1-ի նախօրեին և հետո` այսօր չկա: Դա մեծապես, չեմ ասում` միայն  նախագահ Սարգսյանի հանդուրժողականության քաղաքականության արդյունքն է: Սերժ Սարգսյանն ապացուցեց, որ ինքը ոչ միայն Հայաստանի առաջնորդն է, այլև համահայկական առաջնորդն է»:

 

Տեսանյութեր

Լրահոս