«Compass band»-ը կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2012»-ին
«Compass band»-ի հիմնական կազմն իր «Sweetie baby» երգով համապատասխանում է մրցույթի կանոններին և կմասնակցի Ամստերդամում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին. այս մասին ասված է «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի տարածած հաղորդագրության մեջ, որը ներկայացնում ենք ստորև.
«Ժնևում Եվրոպական հեռարձակողների միության սպորտային ամենամյա համաժողով գործուղման ընթացքում տեղեկացա «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի Հայաստանյան եզրափակիչ փուլի հաղթող «Compass band»-ի վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին, ըստ որի խմբի անդամներից մեկի տարիքը չի համապատասխանում մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջներին:
Ամստերդամում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի երգի մրցույթում իրավունք ունեն մասնակցելու 10-ից 15 տարեկան երեխաները: Մրցույթի Հայաստանյան նախընտրական փուլին հայտ ներկայացրած «Compass band»-ի կազմը բաղկացած է 4 հոգուց. 13-ամյա Դավիթ Պարոնիկյանը, 13-ամյա Արշավիր Գրիգորյանը, 13-ամյա Արամ Ծատուրյանը և 13-ամյա Աբրահամ Ազնաուրյանը: Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Մանկական Եվրատեսիլի» հանձնաժողովի նախնական լսումների արդյունքում «Compass band»-ի «Sweetie baby» երգն անցել է մրցույթի եզրափակիչ փուլ:
Մրցույթի եզրափակիչ փուլում «Compass band»-ի պրոդյուսեր Զառա Պետրոսյանի նախաձեռնությամբ խմբի ելույթի բեմականացման համար որպես շեյքերահար խմբի կազմի հետ ելույթ է ունեցել Միքայել Վարոսյանը, որի 10 տարին, ինչպես հետագայում պարզվել է, պետք է լրանա միայն 2013 թվականի հուլիս ամսին:
Նկատի ունենալով, որ ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի «Եվրատեսիլ»-ի ներպետական նախընտրական փուլերում հանդիպում են տարիքային եւ այլ անհամապատասխանություններ` խնդրի մասին տեղեկացրել ենք «Մանկական Եվրատեսիլ»-ի ղեկավար Սիտցե Բեքերին: Վերջինս նշել է, որ Հայաստանյանի եզրափակիչ փուլի հաղթող «Compass band»-ի հիմնական կազմն իր «Sweetie baby» երգով համապատասխանում է մրցույթի կանոններին և կարող է մասնակցել Ամստերդամում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի երգի մրցույթին, իսկ Միքայել Վարոսյանի մասնակցության հարցը կքննարկվի վերահսկող խմբի ժողովում»:
BRAVO.am