Բաժիններ՝

«Կա միայն գորշ միջակություն, անդեմ քաղաքական նորելուկներ` չհաշված եզակի բացառությունները»

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել .

«Մեր քաղաքական դաշտն ինձ հիշեցնում է «Բուրատինո» մուլտֆիլմի Տորտիլա կրիայի ճահիճը` միապաղաղ, հանգիստ, գարշահոտ ճահճախոտերով և մոծակներով… Բացառությամբ Օսկանյանի հետ կապված փոքր ալյակները…

Քաղաքական նույն դեմքերը` նույն կանխատեսելի վարքագծով, կանխատեսելի պահվածքով, կանխատեսելի ոճով, խոսքերով, մտքերով, մեկնաբանություններով…
Ցանկացած դեպքի, միջադեպի, իրավիճակի հետ կապված կարելի է գուշակել, թե ով ինչ պետք է ասի:

Ցավալին այն է, որ այլ դեմքեր, այլ նոր գործիչներ, որոնք իրենց գիտելիքներով, իրենց պահվածքով, ակտիվությամբ կառանձնանային քաղաքական դաշտում` չկա: Ցավոք սրտի չկա, կա միայն գորշ միջակություն, անդեմ քաղաքական նորելուկներ` չհաշված եզակի բացառությունները:

Ես չեմ ընդունում, երբ գործարարները զբաղվում են քաղաքականությամբ` դատապարտելով հանդերձ Վրաստանի ընդդիմադիր ուժերի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլու արտահայտությունները մեր ժողովրդի վերաբերյալ, այնուամենայնիվ հիացած եմ նրա կեցվածքով, պահելաձևով: Մարդկային տեսակ, որը չկա մեզ մոտ, կամ կա որը մենք չենք նկատում: Մեր օլիգարխների տեսքը, վարքը, պահելաձևը, գիտելիքների մակարդակը, նրանց մասնակցությունը քաղաքական կյանքին, մեղմ ասած, համեմատելու եզրեր չունի:
Ցավալին այն է, որ մեզանում կան շատ կիրթ, պարկեշտ, լայնախոհ գործարարներ, որոնք ինչ-ինչ հանգամանքներից կամ չեն ուզում երևալ կամ մենք չենք նկատում, կամ չենք ուզում նկատել…
Գուցե ժամանակն է արդեն…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս