Սերժ Սարգսյանը ոչ թե պետք է ձեռքը խփի սեղանին ու հարց լուծի, այլ մի քանիսի գլուխը ջարդի. Ս. Աբրահամյան

«Հաճախ հարցնում են` Սերժ Սարգսյանը կարո՞ղ է ձեռքը խփելով սեղանին որևէ հարց լուծել: Ես ասում եմ, որ ժամանակն է հասել, որ Սերժ Սարգսյանը ոչ թե ձեռքը խփի սեղանին ու հարց լուծի, այլ մի քանիսի գլուխը ջարդի»,- ըստ tert.am-ի` այսօրվա ասուլիսում հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը՝ նշելով, որ հայ հասարակությունն այսօր այնպիսի ծանր ժամանակներ է ապրում, ինչպես երբևէ։

Սուրեն Աբրահամյանը խոսել է նաև իրենց կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ առաջիկա նախագահական ընտրություններին առաջադրման հնարավորության մասին՝ հայտարարելով, որ դեռևս հստակեցված չէ այդ հարցը։

«Իրավիճակը գնահատել է պետք: Մենք պետք է իշխանափոխությանը պատրաստ լինենք, դա ինքնանպատակ բան չէ: Մենք կուսակցաշինությամբ ենք զբաղվում, որովհետև այս տարիների ընթացքում մի փոքր կուսակցական խնդիրները մի կողմ էինք դրել: Եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ մենք հասկանանք, որ կարող ենք ինչ-որ բան անել, անպայման կանենք»,- ասել է նա և ավելացրել, որ այս շրջանում իրենք զբաղված են մարզերում հասարակության հետ ակտիվ հանդիպումներ ունենալով:

Հարցին, թե Արամ Սարգսյանի չառաջադրվելու դեպքում, կուսակցությունը ո՞ր քաղաքական ուժին կսատարի, Սուրեն Աբրահամյանը պատասխանել է, թե դեռևս կուսակցությունում որևէ որոշում չկա: «Այս պահին չենք կարող ասել, թե ում կսատարենք»,- ասել է նա:

Անդրադառնալով ՀԱԿ-ին՝  Ս. Աբրահամյանն ասել է.  «Երբ որ ՀԱԿ-ն իր թեկնածուին առաջադրի, իր ծրագիրը կունենա և վճռականություն՝ մինչև վերջ գնալու համար, կմտածենք սատարե՞նք, թե՞ ոչ: Այս դասական ձևով իշխանափոխություն չի լինի: Պետք է Վրաստանի նման քաղաքական կամք դրսևորել»:

 

Տեսանյութեր

Լրահոս