Բաժիններ՝

«Ձմռանն անասնակերի պակաս չի զգացվի»

ՀՀ գյուղնախարարության նախարարի առաջին տեղակալ Գրիգորի Բաղիյանը 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, վստահեցրել է, որ ձմռանն անասնակերի պակաս չի զգացվի: Նրա փոխանցմամբ` Վայոց Ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի առանձին տարածաշրջաններում այսօր լեռնամարգագետնային խոտի 1 հակն առաջարկում են 900-1000, իսկ ԼՂՀ-ում` 600 դրամով:

Նշենք, որ ընթացիկ տարվա հուլիսին խոտի պակասի վերաբերյալ շրջանառվող խոսակցությունները գյուղատնտեսների մոտ լուրջ անհանգստություն էին առաջացրել:

168.am-ը փորձեց տեղեկանալ, թե գյուղնախարարությունն ի՞նչ քալեր է ձեռնարկել` ձմռան ընթացքում գյուղացիական տնտեսություններին խոտով ապահովելու համար: «Հաշվի առնելով այս պայմաններում ստեղծվող դժվարությունները, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ձեռնարկեց մի շարք գործնական քայլեր` խոտի ապահով ձմեռացումը կազմակերպելու, կերի լրացուցիչ աղբյուրներ հայթայթելու, բարձր ապահովվածության տարածքներից կերի ավելցուկը դժվարություններ ունեցող համայքներ տեղափոխելու համար:

Մասնավորապես` ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանով գյուղացիներին թույլատրվեց անվճար հնձել անտառների տարածքում գտնվող խոտհարքները: Բացի դա , առաջին անգամ, վառելու փոխարեն, որպես լրացուցիչ կոպիտ կեր,  խորհուրդ տրվեց հավաքել հնձած արտերի ծղոտը»,- պատասխանել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիգորի Բաղիյանը:

Նշենք, որ ըստ գյուղնախարարության տրամադրած վերջին տվյալների, արդեն հավաքվել է շուրջ 250 հազար տոննա ծղոտ:

Մեր հարցին` արդյո՞ք խոտի բավարար քանակություն կա հանրապետությունում` եղջերավոր անասուններին կերակրելու համար, ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին  տեղակալ Գրիգորի Բաղիյանը պատասխանել է. «Ձեռնարկված քայլերի արդյունքում  ակնկալվում է,  որ մինչև տարեվերջ կկուտակվի բավարար քանակությամբ խոտ և  կերի պակաս չի զգացվի»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս