Բաժիններ՝

Խաղողը կթանկանա՞

«Սեղանի խաղողն արդեն 90 տոկոսով հավաքված է»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց խաղողագործ, ֆերմեր Դերենիկ Ղուկասյանը: Ըստ Դերենիկ Ղուկասյանի` այս տարի սեղանի խաղողի քանակն Արմավիրի մարզում, նախորդ տարվա համեմատ, քիչ էր: Բերքի սակավությունը գյուղացիներին ստիպել էր ամբողջ բերքահավաքը թողնել սեպտեմբեր ամսվա կեսերին, ինչն այս տարվա  համար մի փոքր ուշ էր:

Հարցին, թե ինչո՞ւ է գյուղատնտեսը սեպտեմբեր ամիսը համարում խողողի բերքի հավաքման համար ուշ ժամկետ,  Դերենիկ Ղուկասյանը պատասխանեց.

«Այս տարին բավական առաջ էր: Եղանակային բարենպաստ պայմանները թույլ են տվել առավել շուտ հավաքել բերքը: Խաղողը դեռ օգոստոս ամսվա վերջից  հասունացած վիճակում էր: Այն գյուղացիները, ովքեր բերքն առավել թանկ վաճառելու համար այն պահել են մինչ այսօր, կարծում եմ, կունենան բերքի կորուստ: Անձրևային եղանակն ու օդի խոնավության տատանումները բազմաթիվ հիվանդությունների պատճառ են»:

Հարցին, թե սառնարանային պայմաններում պահված խաղողն արդյո՞ք արդեն ամբարվել է, գյուղատնտեսը պատասխանեց. «Այո՛, ամբարումն արդեն կատարված է: Չեմ կարծում, որ մարդիկ այս եղանակային պայմաններին կկարողանան առողջ բերք տեղափոխել սառնարաններ»: Գյուղացիների՝ խաղողի գների բարձրացման մասին ակնկալիքների շուրջ զրուցելիս, Դերենիկ Ղուկասյանն ասաց, որ այս տարի գյուղացին ակնկալում է խաղողի բերքը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին վաճառել 500 դրամ և ավելի գնով: Նշենք, որ երևանյան և մարզային խոշոր գյուղատնտեսական շուկաներում այսօր խաղողը վաճառվում էր 370-380 դրամով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս