«168 Ժամի» (168.am) պատասխանը Տիգրան Ուրիխանյանին (ձայնագրություն)

Այսօր առավոտյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու և ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ԲՀԿ մամուլի ծառայությունը բոյկոտում է «168 Ժամ» թերթի աշխատանքը։

Հայտարարության տեքստն ամբողջությամբ չենք մեջբերում, քանի որ այն արդեն հասցրել է տարածվել հայաստանյան մի շարք ինտերնետային ԶԼՄ-ներով։ Միայն նշենք, որ Տ. Ուրիխանյանը «168 Ժամ» թերթին մեղադրել է «բացարձակապես սուտ և թյուր» հրապարակման համար՝ կոնկրետացնելով, որ թերթի «հոկտեմբերի 6-ին լույս տեսած համարի «Չի հերքել» վերնագրով նյութը որևէ կերպ չի արտաբերում իմ պատասխանը լրագրողի հարցին, պարունակում է արհեստածին ինտրիգ և չի տեղավորվում իմ աշխատանքային ոճի ու կոնկրետ ձևակերպումների ձևաչափի մեջ» (մեջբերումը` Տ.Ու.-ի տեքստից):Սրան դեռ կանդրադառնանք։

Մինչ այդ նշենք, որ մեզ համար մինչ այս պահը պարզ չէ՝ ո՞վ է այս բոյկոտի հեղինակը՝ ԲՀԿ կուսակցությո՞ւնը, թե՞ անձամբ Տ. Ուրիխանյանը։ Ոչ ԲՀԿ պաշտոնական կայքէջում, ոչ կուսակցության և ոչ էլ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան անձնական էջերում այդ մասին որևէ պաշտոնական հայտարարություն չկա։ Ավելացնենք նաև, որ բոյկոտելու հայտարարությունը ԲՀԿ լրատվական ծառայությունն էլեկտրոնային փոստով ուղարկել էր լրատվամիջոցներին, այդ թվում նաև՝ «բոյկոտված» «168 Ժամին»։
Նշենք, որ Տ. Ուրիխանյանի «փորացավն» ավելի վաղ էր բռնել, ինչն արտահայտվում էր, օրինակ, թերթում իր վառ ու կայացած կերպարի էությունը ոչ լիարժեք արտահայտող լուսանկարներ տեղադրելու մեջ։ Այն, որ վերջինս «168 Ժամի» և 168.am-ի նկատմամբ այնքան էլ մեծ սեր չի տածում, շատ նորմալ է. փոխարենը՝ չափից դուրս մեծ սեր է տածում ինքն իր անձի նկատմամբ։ Այնքան մեծ, որ սեփական «ես»-ին դուր չեկած ցանկացած քայլ վերագրում է իր կուսակցությանն ու կուսակցության անունից հայտարարություններ անում։ Կուսակցության պատգամավորներից շատերն, ի դեպ, տեղյակ չէին այդ հայտարարության մասին:
Սակայն դա նրան թույլ չի տալիս անհիմն մեղադրանքներ ներկայացնել և փորձել խաղալ լրատվամիջոցի հեղինակության հետ։ «Իսկ այդ թերթի և համանուն կայքի որոշ ներկայացուցիչներ, քողարկվելով տարբեր ‹‹ֆեյքերի›› և այլոց էջերի ներքո, անձնական վիրավորանքներով կեղտոտ և սուտ նյութեր են տարածում սոցիալական ցանցերում առանց հասկանալու, որ թվային աշխարհում բոլոր հետքերը երկար մնում են, և յուրաքանչյուրի արարք ենթակա է բացահայտման և պատժի ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն»,- գրել է նա։ Ուրիխանյանին հիշեցնենք, որ Քրեական օրենսգիրքը պատիժ է նախատեսում նաև զրպարտության համար։ Այնպես որ, կոչ ենք անում և պահանջում ենք առաջիկա 24 ժամվա ընթացքում հրապարակել իր նշած «ֆեյք» պրոֆայլների ցանկը և բոլոր ապացույցները, որ դրանք պատկանում են «168 Ժամի» և 168.am-ի աշխատակիցներին։

Հիմա անդրադառնանք բուն նյութին՝ «Չի հերքել» վերնագիրը կրող լուրին։ Ներկայացնում ենք թերթում տպագրված լուրն՝ առանց փոփոխությունների, և ձայնագրությունը։

«ՉԻ ՀԵՐՔԵԼ։ ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է լուրերը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, համաձայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ձեռք բերած պայմանավորվածության, երկուշաբթի օրը պետք է հայտարարի կա՛մ Ս. Սարգսյանին սատարելու, կա՛մ իր թեկնածությունն առաջադրելու մասին: «Խոսնակը, իմ խորին համոզմամբ, հատկապես ԲՀԿ խոսնակը, կոչված է մեկնաբանելու տեղի ունեցածը կամ տեղի ունեցող փաստացի իրադարձությունները, մասնավորապես, մեզ հետ կապված հանրությանը հետաքրքրող: Ես կնախընտրեի խոսել այդ ձևաչափի մեջ, իսկ կանխատեսումների դաշտ մտնելն ինձ համար շատ անշնորհակալ գործ է»»:

Կարող եք համեմատել և պարզել, թե ո՞ւմ է վստահել ԲՀԿ կուսակցությունը լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատու գործը։

Հարգանքներով`
«168 Ժամ» թերթի (և 168.am-ի)
գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան

Տեսանյութեր

Լրահոս