«Շնորհակալություն Ադրբեջանին ինձ «սև ցուցակում» ընդգրկելու համար»

«Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին աշխարհում շատ քիչ են ծանոթ, այդ իսկ պատճառով մեր  պատվիրակությունը ցանկացավ իր աչքերով տեսնել, որովհետև այդ դեպքում մեր խոսքը ավելի ծանրակշիռ կլինի»,- ըստ «Փաստինֆոյի»` այսօր ԱԺ-ում կայացած ասուլիսում հայտարարել է Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահ Դոմինիկ դը Բյումանը:

«Մեր այցը Ստեփանակերտ թույլ տվեց տեսնել ազատորեն ընտրված իշխանությունների նկատմամբ վստահությունը, հանրային անվտանգության բարձր աստիճանը փողոցներում և այլուր: Կրթության մակարդակը` և համալսարանում, և արվեստի դպրոցում, իսկապես տպավորիչ է, չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղը դիվանագիտական առումով մեկուսացված է, և այդ մեկուսացումը, իհարկե, մեծ արգելակ է սոցիալ-տնտեսական զարգացման համար»,- ընդգծել է շվեյցարացի պատգամավորը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի իշխանությունների դժգոհությանը և ԼՂ այցելած օտարերկրացիներին «անցանկալի անձանց» ցուցակում ընդգրկելուն, ապա շվեյցարացի պատգամավորը նշել է, որ պատգամավորական խմբի անդամները նախապես տեղյակ էին ադրբեջանցիների այդ դիրքորոշմանը, սակայն իրենց դա չի կանգնեցրել, որովհետև իրենք ողջ աշխարհում իր չեզոքությամբ հայտնի երկրի խորհրդարանականներ են, որոնք ցանկանում էին և տեսան ԼՂ-ն:

«Քանի որ ես ինքս հանդիսանում եմ Շվեյցարիայի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահը, և ելնելով տարիքիցս կարող եք հասկանալ, որ ես հավակնություն չունեմ աշխարհի բոլոր երկրներն այցելելու: Ուրեմն` եթե Ադրբեջանը ինձ «սև ցուցակում» է ընդգրկել, շնորհակալություն իրենց իշխանություններին, որ մի քիչ ավելի հեշտացրեցին հետագայում իմ ճամփորդությունների երթուղիների ընտրությունը»,- հեգնել է Դոմինիկ դը Բյումանը:

Տեսանյութեր

Լրահոս