«Արձանագրությունների արգելափակման պատճառը Թուրքիայի կառավարությունն է»

«Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի համար ակնհայտ է, թե ով է երկու տարի առաջ Շվեյցարիայի միջնորդությամբ ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների արգելափակման պատճառը. դա թուրքական կառավարությունն է»,- այս մասին այսօր ԱԺ-ում` պաստասխանելով «Փաստինֆոյի» թղթակցի հարցին, ասել է Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահ Ուելի Լոյենբերգերը: Նա համոզմունք է հայտնել, որ վավերացումը շատ կարևոր նշանակություն կունենա և թույլ կտա բարելավել հայ-թուրքական հարաբերությունները:

Նրա խոսքով` Շվեյցարիայի նպատակն էր աջակցել Հայաստանին դուրս գալ այս աշխարհագրական մեկուսացումից և նպաստել Թուրքիայի հետ լարվածության մեղմացմանը:

Ըստ նրա, ստորագրված արձանագրությունները Թուրքիան «չվավերացրեց, որովհետև բոլորս գիտենք, որ եղան միջամտություններ Ադրբեջանի կողմից, և դրա պատճառով Թուրքիայի քաղաքական ուժերը հանդես եկան արձանագրությունների վավերացման դեմ` նոր պայմաններ առաջադրելով, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղին»: «Ցավում ենք այս վիճակի համար»,- ասել է Ուելի Լոյենբերգերը:

Նրա փոխանցմամբ` ներկայումս գնալով ավելի են ակտիվանում ազգայնական և ծայրահեղ ազգայնական ուժերը, և որ դա «հենց Ադրբեջանի ազդեցությունն է»: «Այնուամենայնիվ, հուսով ենք, որ իրավիճակը կարող է փոխվել»,- ասել է շվեյցարացի պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս