«Poker.am»-ն արդեն մեծ էկրաններին է
Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Poker.am» կինոկատակերգության պրեմիերան: Ֆիլմը նկարահանվել էր և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում: Ինչպես ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանը ներկայացրեց՝ ի սկզբանե «Շարմ» հոլդինգը նպատակ չի ունեցել «Պահանջվում է միլիոնատեր» և «Փեսացուն կրկեսից» ֆիլմերից հետո նկարահանել ևս մեկ ֆիլմ: Ջաղինյանի խոսքով` մտահղացումը պատահական է ծնվել, որը ռեժիսոր Դավիթ Բաբախանյանի առաջարկով իրականություն է դարձել:
Կինոկատակերգությունը սիրո, ընկերական ջերմ հարաբերությունների մասին էր: Գլխավոր դերերում էին Լիլի Էլբակյանը, Հովհաննես Ազոյանը, Միշոն, Անի Պետրոսյանը, Խորեն Լևոնյանը, Արտաշես Ալեքսանյանը, Ռոլանդ Գասպարյանը, Լուիզա Ներսիսյանը, Շորենա Բեգաշվիլին, Խվիչա Մագլակելիձեն, Միխայիլ Անգուլաձեն, Ջաբա Կիլաձեն: Նշենք, որ «Շարմ» հոլդինգի նկարահանած նախորդ ֆիլմերում ևս դերասանական անձնակազմը հիմնականում նույնն էր: Հարցին, թե ինչո՞ւ են «Շարմ» հոլդինգի ֆիլմերը նկարահանվում գրեթե նույն դերասանական կազմով, Ռուբեն Ջաղինյանը պատասխանեց. «Դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Նույն դերասաններն են, բայց ավելի հնարամիտ և բանիմաց»:
Լիլի Էլբակյանի կերպարը ֆիլմում համեստության, կանացիության և համբերատարության ամբողջություն է: Դերասանուհին ամբողջ ֆիլմի ընթացքում սպասում է իր ընտրյալին, ում հետ միայն վերջում է հաշտվում և միանում:
168.am-ը զրուցեց նաև Միշոյի հետ՝ հասկանալու համար նրա՝ ֆիլմերի և դերասանական աշխատանքի հանդեպ վերաբերմունքը: «Շատ հետաքրքիր և բարդ էր դերասանի աշխատանքը, չնայած դա իմ առաջին փորձը չէ: Եթե կլիպում դու ներկայանում ես նենց, ոնց որ կաս, ապա ֆիլմում դու կերպար, դեր ես խաղում: Ինչքան էլ քո կերպարը քեզ նման լինի` դու պետք է լինես բալանսի մեջ, որ համը չհանես»:
Միշոն՝ ֆիլմում «բալանսի մեջ լինելով» հանդերձ, խոստովանեց, որ դերասանի աշխատանքը բարդ է: «Ֆիլմի թեման սերն էր: Ամեն ինչ այստեղ ներկայացվում է նոր ձևով: Սա ուղղակի ֆիլմ չի: Իրա մեջ իմաստ կա, ասելիք կա, այսօրվա Երևան կա»: Ֆիլմի պրեմիերային հարգելի պատճառներով բացակայում էին Լուիզա Ներսիսյանն ու Հովհաննես Բաբախանյանը:
Նշենք, որ ֆիլմի նկարահանման աշխատանքները տևել են 6-7 ամիս, ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմել է 350.000 ԱՄՆ դոլար:
Լուսանկարները` Սերժ Դավիդովի