Լավ ժառանգություն ենք ստացել. Դումանյան

«Որևէ քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում նրանում, որ նախագահը մատնանշում է ոլորտի խնդիրները: Հարցերը, որ բարձրացնում ենք` կապված է նրա հետ, որ մենք բոլորս գիտենք այդ խնդիրների մասին: ՀՀ նախագահը շատ ճիշտ դիտողություններ արեց, և ոլորտում բեկում մտցնելու ժամանակն է»,- այս մասին այսօր հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Ըստ նրա` մատնանշված խնդիրները նոր չեն առաջացել, հետևաբար` քաղաքական ենթատեքստի մասին խոսք լինել չի կարող:

Նախարարը նշեց, որ մինչ իր պաշտոնավարումը` ոլորտում բարեփոխումների հետ կապված լուրջ աշխատանքներ տարվել են: «Կարող եմ ասել, որ լավ ժառանգություն ենք ստացել, քանի որ ունենք տաղանդավոր մասնագետներ, ունենք աշխատող, գործող համակարգ, ունենք բոլոր կառույցները բժշկական օգնություն ցուցաբերելու համար»:

Խոսելով վերջերս Պետական առողջապահական գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանի հրաժարականի մասին՝ Դերենիկ Դումանյանն ասաց, որ ինքը որևէ կապ չի տեսնում վերջինիս հրաժարականի և ՀՀ կառավարության հայտնի խորհրդակցության միջև: «Արա Տեր-Գրիգորյանն իր հրաժարականի դիմումը պատճառաբանել է նրանով, որ արդեն 14 տարի աշխատել է այդ ոլորտում և այժմ ցանկանում է փոխել գործունեության իր ոլորտը: Հնարավոր է, որ մոտ ապագայում նրան այլ աշխատանք առաջարկեմ»,- հավելեց առողջապահության նախարարը:

Ըստ նրա՝ նշված խնդիրները հնարավոր է լուծել նախագահ Սերժ Սարգսյանի նշած ժամկետներում՝ 8 ամսվա ընթացքում: Այդ նպատակով նախարարությունում արդեն մշակվել են գործողությունների կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր:

 

 

Տեսանյութեր

Լրահոս