«Բավական շատ է չգրանցված դեղերի շրջանառությունը»

«Առողջապահության ոլորտի ամենամեծ խնդիրներից մեկը դեղերի գների չափերն են»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջազգային շուկայում դեղերի գների աճ չի նկատվում: Կառավարությունը ձեռնարկել է որոշումներ, որով հեշտացվել է դեղերի ներմուծումը: Կառավարությունը թույլ է տվել երրորդ երկրից դեղ ներկրել Հայաստան, այն նպատակով, որ գները ցածր լինեն: Սակայն դեղ ներմուծող շուրջ 50 ընկերություններ չեն իջեցրել դեղերի գները, դեռ մի բան էլ բարձրացրել են»,- նշեց նախարարը:

Ըստ նրա`խնդրի առաջացման հիմնական պատճառներից մեկն այն է, որ պետությունը գնագոյացման գործում որևէ միջամտություն չի ցուցաբերում, ինչն էլ հանգեցնում  է նրան, որ որոշ ընկերություններ գերշահույթի նպատակով սահմանում են բարձր գներ:

Դ. Դումանյանի խոսքով՝ դեղերի գների նորմալացման համար անհրաժեշտ է նաև հեշտացնել դեղերի գրանցման և վերագրանցման ընթացակարգը, որն այժմ տևում է 6 ամիս:

Նախարարը նաև ասաց, որ բավական շատ է չգրանցված դեղերի շրջանառությունը. «5 տարին մեկ անգամ դեղը պետք է վերագրանցվի: Շուկան, լինելով փոքր, շատ դեղարտադրողներ հրաժարվում են վերագրանցել դեղերը: Սա հանգեցնում է նրան, որ որոշ ներկրողներ տարբեր դեղամիջոցներ ներկրում են և վաճառում առանց գրանցման»: Առողջապահության նախարարի կարծիքով`դեղորայքային շուկայում նշված խնդիրների պատճառներից մեկն էլ այն է, որ բացակայում են վերահսկողության լիարժեք մեխանիզմները:

Ըստ նախարարի` անվճար դեղորայքի տրամադրումը պետք է դարձնել հասցեական:

 

 

Տեսանյութեր

Լրահոս