«Մենք չենք ասում, թե մարշրուտկով կքայլենք»

Հարցին, թե արդյոք ԱԺ ՀԱԿ խմբակցությունը ստացե՞լ է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ուղղված իրենց նամակի պատասխանը, որով ՀԱԿ-ը պահանջում էր իրենց հատկացված ծառայողական «շքեղ» ավտոմեքենաները փոխարինել ոչ շքեղ մեքենաներով,  ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ ճեպազրույցում պատասխանեց. «Չենք ստացել: Մենք մեքենայի հարցում պոպուլիզմ չէ, որ անում ենք: Մենք չենք հրաժարվել մեքենայից, ինչպես ներկայացնում են: Մենք ասում ենք, որ ԱԺ-ի ծառայությունները, հատկապես մեքենաները, չպետք է լինեն շքեղ: Եթե կա տնտեսական ճգնաժամ, եթե կա պրոբլեմ, եթե ԱԺ-ն ունի ֆինանսական խնդիրներ, ի՞նչն է խանգարում, որ ոչ թե 15 միլիոն դրամանոց մեքենա լինի, այլ լինի, ասենք, 7-8 միլիոն դրամանոց, որն էլի թանկ է: 20.000 դոլարանոց մեքենան չի համարվում էժան մեքենա, համաձա՞յն եք: Ինչո՞ւ այդ դեպքում պետք է 40.000 դոլարանոց մեքենան Աժ գա, այդքան ծախսեր…

Դրա փոխարեն առաջարկում ենք` կոմպյուտեր առեք, այլ ծախսեր արեք, սպասարկման և պատգամավորների աշխատանքի հարցը լուծեք, այսինքն՝ մենք չենք ասում, թե մենք մարշրուտկով կքայլենք, մեզ մեքենա մի տվեք: Մեզ մեքենա պետք է, ընդ որում՝ մենք վնասում ենք, տուժում ենք, որովհետև հիմա, երբ որ հանդիպումների կարիք կա գնալու, չունենք մեքենա: Բայց խնդիրն էդ չի՝ շքեղությունն այս հիմնարկն իրեն պետք է թույլ չտա»:

Տեսանյութեր

Լրահոս