Բաժիններ՝

«Հայոց Արծիվների» ուղերձը

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժման առաջնորդ Խաչիկ Ասրյանն այսօր շնորհավորական ուղերձ հղել ուսուցիչների տոնի կապակցությամբ:

«Հայոց Արծիվների» առաջնորդ Խաչիկ Ասրյանի ուղերձում ասված է.

«Լավ  է կույր աչոք, քան կույր մտոք:

5-րդ դարի պատմիչ Եղիշեի այս արտահայտությունը, կարծես, ուղենիշ է հայ ժողովրդի համար: Հայն ի սկզբանե սիրել է դպրությունը և ունեցել է շատ երախտավորներ, որոնք իրենց ողջ կյանքն են նվիրել մեր ժողովրդի կրթության զարգացմանն ու առաջընթացին:

Մեսրոպ Մաշտոցը` մեր առաջին ուսուցիչը, ստեղծելով հայոց այբուբենը` լուսավորեց ու փառավորեց հայ ժողովրդի հետագա ուղին: Նա ուսուցանում էր և հորդորում իր աշակերտներին շրջել Հայաստանի ողջ տարածքով և ամենուր լույս սփռել` գրաճանաչ դարձնել, կրթել ու դաստիարակել մեծերին ու մանուկներին:

Ոսկեդարից մինչ այսօր հայը հավատարիմ է Մեծ Ուսուցչի պատգամին: Հայ ժողովուրդը միշտ առանձնահատուկ համակրանք է տածել ուսմանը, գիտելիքին: Յուրաքանչյուր հայ ոչինչ չի խնայել, չի ափսոսացել իր զավակին կրթության տալու համար:

Անգնահատելի է ուսուցչի դերը, անփոխարինելի է նրա առաքելությունը կրթության ոլորտում: Մեր սիրելի ու պաշտելի ուսուցիչների շնորհիվ ենք մենք ներխուժում գիտության հարուստ գանձարան և փնտրում ու գտնում այնտեղ գիտելիքների մի ողջ պաշար, առանց որի մարդը ոչինչ է: Ուսուցիչը գիտելիքի անսպառ աղբյուր է, հույսի ու լույսի ծով: Ուսուցիչն ազգային արժեք է:

Եթե հայ զինվորը զենքով է պաշտպանել և պաշտպանում  իր հայրենիքը, հայ ուսուցիչն էլ իր գրչով ու գրքով է մարտնչել և մարտնչում հանուն հայրենիքի: Բազմիցս հայը հաղթել է իր մտքի սլացքի, իր հարուստ գիտելիքի շնորհիվ: Այդ ամենի համար մենք շատ երախտապարտ ենք մեր սիրելի ուսուցիչներին: Հայրենասիրության առաջին քարոզիչները նույնպես նրանք են, նրանք են աշակերտների մեջ արթնացնում սերը դեպի հայրենիքը, ծնողը, ընտանիքը:

Պատվարժա՛ն ուսուցիչներ, ուսուցչի օրվա առթիվ ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: Ես խոնարհվում եմ ձեր առջև, ձեր մեծության առջև, ձեր ծով համբերության ու նվիրվածության առջև: Թող երկնային բոլոր գանձերը սփռվեն ձեզ վրա, իսկ երկրային գանձերը ձեր առջև պարտավոր ենք փռել մենք` ձեր աշակերտները: Ձեզ ամուր առողջություն, երկաթե կամք ձեր սուրբ գործում, անսպառ ուրախություն և երջանկություն: Թո՛ղ բոլորը ձեզ արժանին մատուցեն և ձեզ հղեն միայն երախտագիտական և շնորհակալական խոսքեր: Դուք արժանի եք միայն մեծարման և խոնարհումի:

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր  ՏՈՆԴ, ՈՒՍՈՒՑԻ՛Չ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս