ԵԽ ԽՎ-ում Սաֆարովի արտահանձնումը համարել են խայտառակ քայլ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման շուրջ քննարկումների ժամանակ ԵԽ ԽՎ պատվիրակները կոչ են արել կազմակերպությանն ադրբեջանա-հունգարական այս խայտառակ գործարքի դեմ հստակ և գործուն քայլեր ձեռնարկել:

ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն «Արմենպրեսին» Ստրասբուրգից հայտնել է, որ ԵԽ ԽՎ բոլոր պատվիրակները, ովքեր ելույթներ են ունեցել այս հարցի շուրջ, բացառությամբ ադրբեջանական պատվիրակության անդամների և մեկ թուրք պատգամավորի, Սաֆարովի արտահանձնումը համարել են խայտառակ քայլ:

«Քննարկումները բավականին բուռն էին, ադրբեջանական պատվիրակությունը ելույթների համար հերթագրվել էր ողջ կազմով: Նրանք կրկին փորձում էին իրենց սուտը տարածել այդ ամբիոնից»,- նշել է Զոհրաբյանը: Նա մեջբերել է ֆրանսիացի պատվիրակներից մեկի խոսքը, ով ընդգծել էր, որ Ադրբեջանի նման երկիրը, որը նման քայլի է գնում, ուղղակի իրավունք չունի լինել Եվրոպայի խորհրդի անդամ:

Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ` ԵԽ ԽՎ պատվիրակներից շատերն ընդգծել են, որ Ադրբեջանը եվրոպական արժեքները ծիծաղի առարկա է դարձնում` նույնիսկ վեհաժողովի որոշ պատվիրակներին գնելով խավիարով ու նավթադոլարներով:

Իր ելույթում Նաիրա Զոհրաբյանը, մասնավորապես, շեշտել է, որ չնայած Ադրբեջանին այդ նույն նավթադոլարների հաշվին հաջողվում է օլիմպիական մեդալներ գնել ու սեփական հրեշին հետ ստանալ, սակայն նման դեգրադացված հասարակությունն ապագա չունի: «Ես նշեցի, որ Սաֆարովի ազատ արձակումը Եվրոպայի արժեքների պարտությունն ու Եվրոպայի խորհրդի ամոթն է, քանի որ ազատ է արձակվել ու հերոսացվել է մի մարդասպան, ով էթնիկ հողի վրա հանցագորժություն է կատարել»,- պատմել է Զոհրաբյանը:

Քննարկման ընթացքում հայկական պատվիրակության կազմից ելույթ են ունեցել նաև պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը, Լևոն Զուրաբյանը, ովքեր նույնպես ընդգծել են ԵԽ-ի կողմից Սաֆարովի արտահանձնման դատապարտման և այնուհետև նաև գործուն քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:

Տեսանյութեր

Լրահոս