«Զսպման մեխանիզմն այս համակարգի փոփոխությունն է»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` այսօր անդրադառնալով ԱԺ քառօրյա վերջին նիստերին՝ առանձնացրեց ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին ԱԺ որոշումը: Ըստ նրա` այս դեպքով իշխանությունը շարունակեց այն տխուր ավանդույթները, որոնք արդեն մի քանի անգամ ԱԺ-ում գրանցվել է:

Ռուբեն Հակոբյանի համոզմամբ` Վարդան Օսկանյանը զոհ է, և ԱԺ 131 պատգամավորներից յուրաքանչյուրը կարող է հայտնվել այդ կարգավիճակում, այդ թվում նաև` ՀՀԿ-ական  պատգամավորները: «Համակարգը դեմոկլյան սրի նման պահել է այս հարցը, և ցանկացած պահին, երբ անհրաժեշտություն է գտնում, որ ինչ-որ ուժի կողմից խաղի կանոնները խախտվե են, համակարգը միանգամից այս օրակարգը մտցնում է խորհրդարան, և, բնականաբար, այս օրակարգը գրեթե ամբողջությամբ քաղաքական շարժառիթներով է պայմանավորված»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռ. Հակոբյանը:

Իսկ հարցին, թե արդյոք  Վ. Օսկանյանի դեպքը կարո՞ղ է զսպման մեխանիզմ ձևավորել, Ռ. Հակոբյանը պատասխանեց. «Զսպման մեխանիզմն այս համակարգի փոփոխությունն է, քանի դեռ այս համակարգը կա, որևէ մեկը երաշխավորված չէ, որ զոհ կլինի այս համակարգում գործող խաղի կաննոներին, այդ թվում՝ պատգամավորները, որոնց կարող են ցանկացած պահի անձեռնմխելիությունից զրկել` ամենատարբեր առիթներ մեջբերելով կամ փաստարկներ օգտագործելով»:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս