Ադրբեջանն իր դեգեներատ հասարակությամբ պետք է միջազգային հանրության կողմից գնահատականն ստանա. Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում.

Ադրբեջանն իր դեգեներատ հասարակությամբ պետք է միջազգային հանրության կողմից գնահատականն ստանա։ News.am-ի փոխանցմամբ` ԵԽ ԽՎ աշնանային նստաշրջանում ադրբեջանցի Սաֆարովի գործով սկսված քննարկմանն այս մասին հայտարարել է հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

«Մենք պետք է մեզ հարց տանք, իրավունք ունի արդյոք մի պետություն, որտեղ Սաֆարովը հերոս է, լինել ԵԽ ԽՎ անդամ»,- ասել է Զոհրաբյանը։ Նրա խոսքով՝ մարդասպան Սաֆարովի հերոսացումից հետո «բոլորի համար հասկանալի դարձավ, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող ադրբեջանական պետության մաս դառնալ, որտեղ էթնիկ պատճառներով հայերի հրեշավոր սպանությունները համարվում է հերոսություն»։

ԵԽԽՎ ֆրանսիական պատվիրակության ղեկավար Ռենե Ռոուկեն ընդգծել է, որ Սաֆարովի ներում շնորհելու գործի շրջանակներում Ադրբեջանի գործողությունները՝ «հենց կյանքի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է»։

Ադրբեջանցի պատգամավորների այն պահանջներին, որ Սաֆարովի գործը պետք է դիտարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակում, ֆրանսիացի խորհրդարանականը պատասխանել է, որ «անարդար կլինի գործը դիտարկել, որպես Լեռնային Ղարաբաղի խնդրի տրամաբանական շարունակություն»։ «Հակամարտության կարգավորման գործընթացից դժգոհությունը չի կարող դաժան սպանության արդարացում լինել»,- ասել է Ռոուկեն։

Ադրբեջանցի պատգամավորները ԵԽԽՎ-ում փորձել են ամեն կերպ ներկաներին հիշեցնել, որ «Ադրբեջանը Եվրոպայի համար էներգիայի համար կարեւոր գործընկեր է, որ Ադրբեջանն ունի սև խավիար ու գազ», իսկ ադրբեջանցի պատգամավոր Ալի Հուսեյնլին լսումների դահլիճում ուղղակի, բոլորի առջև հայտարարել է, որ ԵԽ ԽՎ-ում Սաֆարովի գործի քննարկումն իրեն «զվարճացնում է»։

Ամեն դեպքում, ադրբեջանական կողմի «զվարճանքը» չեն կիսել ԵԽ ԽՎ մյուս երկրների ներկայացուցիչները, այդ թվում, նաև Բաքվի ավանդական գործընկերները։ Բուլղարացի պատգամավոր Լատչեզար Տոշևը ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Սաֆարովի գործողությունների արդարացումներն անընդունելի են, և որ «Ադրբեջանի գործողությունները ոչնչացրին այն բոլոր հույսերը, որ կողմերի միջև հաշտությունը հնարավոր է»։

Տեսանյութեր

Լրահոս