Ռուբեն Հայրապետյանին կփոխարինի Ռոբերտ Սարգսյանը
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ կուսակցությունը որոշել է Ավանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրել Երևանի կադաստրի պետի տեղակալ պարոն Ռոբերտ Սարգսյանի թեկնածությունը, իսկ Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում Արման Սահակյանի թեկնածությունը:
Ի դեպ, Շարմազանովը հաստատեց նաև լուրերը, որ Ավանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրվող թեկնածուն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կնոջ եղբայրն է:
Հիշեցնենք, որ այս երկու ընտրատարածքներում ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 2-ին:
Էդ. Շարմազանովի խոսքով, ՀՀԿ գործադիր նիստում այսօր որևէ անդրադարձ չի եղել ո’չ Վարդան Օսկանյանին, ո’չ էլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, քանի որ, ըստ ՀՀԿ խոսնակի` ԱԺ ՀՀԿ խմբակցությունն իր ասելիքն արդեն ներկայացրել է քվեարկությամբ: Նրա խոսքով` խնդիրը զուտ իրավական է, և անկախ քաղաքական գործիչների գնահատականներից, մեր կարծիքը մնում է նույնը: Ըստ նրա` դա իրավական խնդիր է, և պետք է լուծվի իրավական ոլորտում:
«Նորից եմ կրկնում դա զուտ իրավական խնդիր է, և քաղաքական շահարկումների առիթ պիտի չտա»,- ասել է Շարմազանովը: