
Ադրբեջանական խավիարը սպառնալիք է ԵԽԽՎ անկախությանը. ԵԽ գլխավոր քարտուղար

Եթե ճիշտ է, որ ադրբեջանական պատվիրակության անդամները կաշառել են ԵԽ ԽՎ-ի իրենց գործընկերներին սև խավիարով, ապա դա ընդհանրապես անընդունելի է: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»` վկայակոչելով contact.az-ը, այս մասին հոկտեմբերի 4-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդը:
«Ադրբեջանական խավիարը սպառնալիք է ԵԽ ԽՎ անկախությանը: Խորհրդարանը եւ դրա անդամները պետք է անկախ, ինքնավար լինեն եւ գործեն այս կազմակերպության անունից` պաշտպանելով դրա չափորոշիչներն ու արժեքները: Այդ պատճառով դա բոլորովին անընդունելի է»,- հայտարարել է նա:
Խոսելով նման փաստերը քննելու հնարավորությունների մասին` գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ չի կարող միջամտել ԵԽ ԽՎ-ի աշխատանքին, քանի որ այն անկախ մարմին է:
contact.az-ի փոխանցմամբ` այս տարվա ամռանը ԵԽ ԽՎ-ի մի խումբ պատգամավորներ հատուկ հաշվետվություն են պատրաստել ադրբեջանական պատվիրակության կողմից իրենց գործընկերներին կաշառելու փաստերի վերաբերյալ: