Բաժիններ՝

Տեղի ունեցավ «Poker.am»-ի պրեմիերան

«Շարմ» հոլդինգն այսօր հանդիսատեսի դատին է ներկայացնում նոր կինոկատակերգություն, որը կոչվում է «Poker.am»։

Ամիսներ առաջ «Պահանջվում է միլիոնատեր» և «Փեսացուն կրկեսից» ֆիլմերի ստեղծագործական պրոդյուսերական կազմը հավաքվեց նոր կինոկատակերգություն ստեղծելու շուրջ։ «Poker.am»-ի սցենարը հետաքրքրություն առաջացրեց նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Նախագծի իրականացմանը միացավ վրացական «Ռուսթավի-2» ընկերությունը։ «Poker.am»-ի ռեժիսորն է Դավիթ Բաբախանյանը, գլխավոր պրոդյուսերը` Ռուբեն Ջաղինյանը։ Գլխավոր դերերում են Լիլի Էլբակյանը, Հովհաննես Ազոյանը, Միշոն, Անի Պետրոսյանը, Խորեն Լևոնյանը, Արտաշես Ալեքսանյանը, Ռոլանդ Գասպարյանը, Լուիզա Ներսիսյանը, Շորենա Բեգաշվիլին, Խվիչա Մագլակելիձեն, Միխայիլ Անգուլաձեն, Ջաբա Կիլաձեն։ Ֆիլմի սաունդթրեքը Սայաթ-Նովայի` «Աշխարհումըս իմը դուն իս» ստեղծագործության ռեմեյքն է` «Ռեինկարնացիա» խմբի կատարմամբ։ Երգի վրացերեն տարբերակը կատարում է Էրիկ Կարապետյանը։

««Poker.am»-ի նկարահանման աշխատանքները տևել են 6-7 ամիս: Ֆիլմի վրա ծախսվել է 350.000 ԱՄՆ դոլար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանը։

Հարցին` արդյոք հայկական կինոարտադրությունը կարո՞ղ է մուտք գործել Հոլիվուդ, Ռ. Ջաղինյանը պատասխանեց. «Հայաստանը վաղուց է մուտք գործել Հոլիվուդ։ Այլ հարց է` ստացվո՞ւմ է այնտեղ գործունեություն ծավալել, թե՞ ոչ»։

Ռեժիսոր Դավիթ Բաբախանյանին լրագրողները հարցրեցին, թե ինչո՞ւ է նա հատկապես կոմեդիայի ժանրում ֆիլմեր նկարահանում, ինչի ի պատասխան՝ նա ասաց. «Դա ինձ մոտ ավելի լավ է ստացվում։ Իհարկե, ցանկանում եմ ինձ փորձել նաև այլ ժանրերում, կարծում եմ` դա ժամանակի խնդիր է։ Երբ պատրաստ լինեմ նկարահանել այլ ժանրերով ֆիլմեր, կսկսեմ աշխատանքներս»։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս