Ո’չ Քոչարյանը, ո’չ էլ Օսկանյանը չեն կարող լինել մեր նախագահի` Սերժ Սարգսյանի մրցակիցը. Ալեքսանով
ԳԱԼԱ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀԿ Գյուրիի տարածքային կառույցի ներկայացուցիչ Ալեքսանովը
– Պարոն Ալեքսանով, շատերն իրենց կարծիքը հայտնեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին: Ի՞նչ կարծիքի եք դուք`որպես հանրապետության երկրորդ քաղաքում գործող ակտիվ ՀՀԿ ներկայացուցիչ:
– Ռոբերտ Քոչարյանը ակտիվանալու նախանշաններ է ցույց տալիս: Չնայած նա միշտ էլ քաղաքականության մեջ եղել է, բայց իր երեկվա հայտարարությամբ հերթական անգամ հիշեցրեց իր մասին: Նա պիտակավորեց խորհրդարանի աշխատանքը: Ինձ զարմացնում է, որ, չգիտես ինչու, Ռ. Քոչարյանն ու մյուսները մոռացել են իրենց անցյալը, իրենց ժամանակների խորհրդարանը և ոչ մի վատ բան չեն տեսնում այն ժամանակվա իրենց աշխատանքում, ու հիմա Սերժ Սարգսյանի աշխատանքը պիտակավորում են:
– Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ ՀՀ երկրորդ նախագահը որոշի առաջադրվել 2013թ. կայանալիք նախագահական ընտրություններում: Եթե այո, ապա ինչպե՞ս եք գնահատում նրա ընտրվելու հնարավորությունները: Ինչպիսի՞ մրցակից կլինի Ռ. Քոչարյանը Ս. Սարգսյանի համար` հնարավոր առաջադրման դեպքում:
– Ռոբերտ Քոչարյանը, հնարավոր է, որ արդեն մտածում է առաջադրվելու մասին, բայց նախօրոք ասեմ, որ նա չի կարող լինել մեր նախագահի` Սերժ Սարգսյանի մրցակիցը: Ոչ ինքը, ոչ էլ Օսկանյանը: Ընդհանրապես` ոչ ոք: Մեր նախագահը մրցակից չունի:
– Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցում Դուք` որպես ՀՀ քաղաքացի, ի՞նչ տրամաբանություն եք նկատում: Հնարավո՞ր է, որ քաղաքական ենթատեքստ պարունակի հարցը:
– Գիտե՞ք ինչ, ես կարծում եմ, որ Օսկանյանն իզուր էդքան աղմուկ բարձրացրեց, դրանից, համոզված եմ, որ իրան ավելի վատ է լինելու: Նա պետք է խելոք գտնվեր, խնդրին անաղմուկ լուծում տար…
– Ի՞նչ ի նկատի ունեք` «անաղմուկ լուծում» ասելով:
– Դե էն, որ խելոք գնար, ցուցմունք տար, էդ հարցը վերջանար, գնար: Թե չէ հիմա ինչ-որ կատարվում է, էս բոլորն ինձ հիշեցնում է մանկական խաղեր: Օսկանյանը գիտի, թե էն Զարուհի Փոստանջյանը, Նիկոլ Փաշինյանը հենց իրա համա՞ր են ելնում ելույթ ունենում: Զարուհին իր ախպորն է հիշում էդ ժամանակ, Նիկոլն էլ` ԲՀԿ-ն է կանգնած, դրա խաթր: Իսկ ՀՅԴ-ն իր ամբողջ պատմության մեջ ոչ մի բան չի ձեռնարկել այսքան ժամանակ: Մենակ տեսնում են` ով ինչ հարց պիտի առաջ քաշի, որ արագ դիվիդենտներ սկսեն հավաքել:
– Ծանո՞թ եք ԲՀԿ հայտարարությանը: Ի՞նչ զարգացում կունենան, Ձեր կարծիքով, ՀՀԿ-ԲՀԿ հետագա հարաբերությունները:
– Չգիտեմ, գիտե՞ք որն է տարօրինակ, որ կուսակցությունը հայտարարություն է տարածում, մի ամբողջ կուսակցություն բացակայում է ԱԺ նիստերից, ու հայտարարում են, որ կուսակցությունով Օսկանյանի մեջքին են, ու մեկ էլ իմանում ես, որ էդ կուսակցության ղեկավարը հենց էդ թեժ պահին հանրապետությունում չէ: Սա անհասկանալի է ու մի քիչ էլ տարօրինակ երևի…