Այսօր վերջին խոսքով հանդես է գալու «Հարսնաքար-2»-ի գործով ամբաստանյալՎարդան Սամվելյանը
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ, այսօր վերջին խոսքով հանդես է գալու «Հարսնաքար-2»-ի գործով ամբաստանյալ, ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանը, և դատարանը կհեռանա գործով դատավճիռ կայացնելու: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Հիշեցնենք, որ Վ.Սամվելյանը մեղադրվում է հուլիսի 1-ին ապօրինի ձեռք բերված ռազմամթերքը «Հարսնաքար» ռեստորանային համալիր տեղափոխելու մեջ: Այդ համալիրի տարածքում ավելի վաղ՝ հունիսի 17-ին տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով ստացած ծանր վնասվածքներից մահացել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել ու ծեծի ենթարկվել ևս 4 անձինք:
Ամբաստանյալի պաշտպան Հովհաննես Հարությունյանի միջնորդությամբ գործը դատարանում քննվել էր արագացված դատաքննության կարգով՝ այդ կարգը կիրառվում է այն դեպքում, եթե ամբաստայալն ընդունում է մեղադրանքն ու դրա հիմքում ընկած ապացույցները, դատավճռի դեմ բողոքարկելու դեպքում վիճարկման ենթակա է միայն պատժաչափը:
Հիշյալ գործով ամբաստանյալն ընդունել է մեղադրանքը, Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Հարությունյանը միջնորդեց նրան դատապարտել 6 ամսվա ազատազրկման և 200 000 դրամ տուգանքի, իսկ ամբաստանյալի պաշտպան Հովհաննես Հարությունյանը միջնորդեց պայմանականորեն պատիժը չկիրառել՝ նկատի ունենալով, որ ամբաստանյալը զղջացել է, տվել ինքնախոստովանական ցուցմունքներ, «ուղղվելու ճիշտ ճանապարհին է»: