Կառավարությունը ժողովրդից շնորհակալություն է ակնկալում, որ խոլերայի կամ բծավոր տիֆի համաճարակ չի եղել

Քիչ առաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում իր ելույթում անդրադառնալով 2011թ. բյուջեի կատարողականին, նշեց, թե այն ընթերցելիս՝ ինքը հիշել է մի անեկդոտ. «Մի մարդ Երևանի Հանրապետության հրապարակի կենտրոնում կանգնած՝ ձեռքերով տարօրինակ շարժումներ է անում և տարօրինակ ձայներ է հանում: Ոստիկանը մոտենում է նրան և հետաքրքրվում, թե ի՞նչ է անում: «Կոկորդիլոսներին եմ քշում»,- անվրդով պատասխանում է մարդը: «Բայց ո՞ւր է այստեղ կոկորդիլոս»` հետաքրքրվում է ոստիկանը: «Դե, քշում եմ, դրա համար էլ չկա»,- պատասխանում  է մարդը»:

Այս անեկդոտն, ըստ Ն. Փաշինյանի, նման է պետբյուջեի կատարողականի հիշյալ հատվածին. «2011թ. բյուջեի կատարողականի «Բնակչության հիգենիկ և համաճարակային ապահովում» բաժնում բառացիորեն գրված է՝ «2011թ. Հայաստանում չեն արձանագրվել այնպիսի վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք ենք՝ դիֆթերիան, սուր պոլիոմելիտը, մալարիան, կատաղությունը, սիբիրյան խոցը, խոլերան, լեպտոսպիրոզը, ռեկեցիոզները, այդ թվում՝ բծավոր տիֆը, Պրիլի հիվանդությունը»:

Հասկանո՞ւմ եք, որ այս դարակազմիկ հաջողությունը Հայաստանն արձանագրել է Կառավարության դրամատիկ ջանքերի և քրտնաթոր աշխատանքի արդյունքում, բայց արձանագրենք, որ վերը նշված հիվանդությունների զգալի մասը հատուկ է հիմնականում երրորդ աշխարհի երկրներին, և Կառավարությունը հպարտանում է, որ խոլերայի կամ բծավոր տիֆի համաճարակ չի եղել, և ուրեմն՝ ժողովրդից շնորհակալություն է ակնկալում»,- ասաց Ն. Փաշինյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս