Էռնեկյանը` «Սիվիլիթաս» հիմնադրամին 150.000 դոլարի նվիրատվության մասին

«Սիվիլիթաս» հիմնադրամին150.000 դոլարի նվիրատվությունը քաղաքական որևէ ենթատեքստ չի ունեցել։ Այս մասին, ըստ «ՍիվիլՆեթի»` այսօր լրագրողների հետ զրույցում ասել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք նվիրատվությունը քաղաքական բնույթ չի՞ կրել, քանի որ փոխանցվել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի և նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամին Ազգային անվտանգության ծառայության կողմից քրեական գործ հարուցելուց հետո։

Էռնեկյանի խոսքով՝ «Սիվիլիթասը» համագործակցում է իր կողմից նախաձեռնած ՆՈՒՌ (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագրի հետ, և գումարի հատկացումը եղել է այդ համագործակցության շրջանակում։

Ըստ «ՍիվիլՆեթի»` ՆՈՒՌ ծրագիրը ենթադրում է XO դյուրակիր համակարգիչների հատկացում Լեռնային Ղարաբաղի առաջինից չորրորդ դասարանի դպրոցականներին և նրանց ուսուցիչներին: Արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի նվերը՝ 3,5 հազ. համակարգիչները, արդեն հանձնվել են Ստեփանակերտի, Շուշիի և Քարինտակի առաջինից չորրորդ դասարանի բոլոր աշակերտներին և ուսուցիչներին։

Հունիսի կեսերին հայտարարություն տարածվեց, որ Էդուարդո Էռնեկյանը «Սիվիլիթաս» հիմնադրամին 150.000 դոլար է է նվիրաբերել, ինչին հաջորդել է Ազգային անվտանգության ծառայության հունիսի 12-ի հայտարարությանը, թե ԱԱԾ քննչական վարչության կողմից 2012թ. մայիսի 25-ին հարուցվել է քրեական գործ՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքով՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:


Տեսանյութեր

Լրահոս