
«Լյուբոյ տեղից որ մտնի, մենք տեղյակ կլինենք՝ օդային, ջրային, ցամաքային…»

Գյումրիում շրջանառվող տեղեկությունների համաձայն` Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակին, իրավապահ մարմինները երեկ կեսօրին բերման են ենթարկել: Ավելի ուշ սկսեցին խոսել նաև այն մասին, թե բերման ենթարկելուց կարճ ժամանակ անց դարձյալ ազատ են արձակել: ԳԱԼԱ-ն այս տեղեկությունը փորձել է ճշտել Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանից, ով, սակայն, հերքել է այդ լուրերը` ասելով. «Չէ, նման բան չկա: Նա ստեղ չէ, հանրապետությունից բացակայում է, ո՞նց կարող ենք բռնած լինենք»:
Հարցին, թե ի՞նչ աշխատանքներ են տարվում, փորձե՞լ են ճշտել Սպարտակ Ղուկասյանի գտնվելու վայրը, Շիրակի մարզի ոստիկանապետը խատասխանել է. «Բա աշխատում ենք, հո քնած չենք մենք ստեղ: Սպարտակի համար մեր երկրի բոլոր սահմանները փակ են, նա չի կարող հանրապետությունում լինել, ո՞նց եկավ, որ խաբար չեղանք: Լյուբոյ տեղից որ մտնի, մենք տեղյակ կլինենք՝ օդային, ջրային, ցամաքային (ուշագրավ է հատկապես ջրային տարբերակը.-ԳԱԼԱ)… որ ճանապարհով էլ մտնի՝ նրան կբռնենք»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ լրագրողների հարցին ի պատասխան, թե որտե՞ղ է գտնվում Սպարտակ Ղուկասյանը, նրա հայրը՝ գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատասխանել էր. «Գնացել է արջ բռնելու»: