«Հայաստանյան իշխանությունները գիտակցում են, որ ԲՀԿ-ն ի վիճակի է բավական շատ ձայներ հավաքել»

Վարդան Օսկանյանի գործն ակնհայտորեն կապված է քաղաքականության հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Այլ կերպ լինել չի կարող: Վարդան Օսկանյանը երկրորդն է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում, որը  հնարավոր է` դառնա Հանրապետական կուսակցության հիմնական մրցակիցը նախագահական ընտրությունների ընթացքում»,- նշեց Ալ. Իսկանդարայանը:

Ըստ նրա`այնպիսի երկրներում, որտեղ դատական համակարգը, մեղմ ասած, լիրվ անկախ չէ և տարանջատված չէ իշախանություններից, քաղաքական մրցակցության դեպքում դատական իշխանությունն օգտագործվում է հակառակորդի դեմ. «Ակնհայտ է, որ Հայաստանում և Հայաստանի խորհրդարանում կան շատ մարդիկ, ովքեր կարող էին նման խախտումներ անել: Քաղաքական մրցակցության պայմաններում այլ կերպ չէր էլ կարող լինել»:

Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի`այդ ամենը խոսում է այն մասին, որ կա բավական ուժեղ մրցակցություն և որ համաձայնություն դեռևս ձեռք չի բերվել: Վերջինս նշում է, որ կիրառվող մեթոդները բավական լուրջ են, բայց հնարավոր է, որ դրանք Հանրապետական կուսակցության համար հակառակ արդյունքի հանգեցնեն:

«Հասկանալի է, որ Վարդան Օսկանյանին ձերբակալել չի կարելի: Դա այնպիսի պայթյուն կառաջացնի Հայաստանում, որ օգուտն ավելի քիչ կլինի, քան վնասը»,- հավելեց Կովկասի ինստիտուտի տնօրենը: Ըստ նրա`ստեղծված իրավիճակը շոու լինել չի կարող: Սա միայն ցույց է տալիս, որ հայաստանյան իշխանությունները գիտակցում են, որ ԲՀԿ-ն ի վիճակի է բավական շատ ձայներ հավաքել:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս