Սիրուշոն շնորհակալ է իր երկրպագուներին

Սիրված երգչուհի Սիրուշոյի նկատմամբ երկրպագուների և առհասարակ հասարակության ուշադրությունը միշտ մեծ է եղել: Որքան սիրել են նրա երգերը, կատարումները, այդքան էլ բամբասանքներ են հյուսվել նրա անվան շուրջ: Ճանաչված մարդ լինելով հանդերձ` չի՞ խանգարում արդյոք նրան հասարակության կողմից այդչափ ուշադրությունը:

«Փորձում եմ այդ ուշադրության գերին չդառնալ: Շատ ուրախանում եմ, որ իմ կողմից արված քայլերը այդքան մեծ արձագանք են ունենում, բայց փորձում եմ դրանցից կախվածություն չունենալ ու ոչինչ չանել հատուկ ուշադրություն գրավելու համար»,- «168 Ժամի» թղթակցի հետ բացառիկ հարցազրույցում ասել է Սիրուշոն:

Անդրադառնալով իր մասին տարածվող բամբասանքներին, Սիրուշոն ասել է. «Բամբասանքներ միշտ էլ եղել են ու այնպիսի անհեթեթության աստիճանի, որ երբեմն մտածում եմ, որ մարդու երևակայությանը պետք է մրցանակ տալ: Ես երևի իմ մասին իրականությանը համապատասխանող որևէ բամբասանք չեմ լսել: Երբեմն եղել են այնպիսի բաներ, որոնք իմ տեսակին ընդհանրապես չեն համապատասխանում ու կարծես լինեն իմ հակապատկերի մասին:

Եվ քանի որ խոսեցինք այս թեմայից, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել երկրպագուներիս և այն բոլոր խելացի մարդկանց, ովքեր չեն տրվում անառողջ այդ խոսակցություններին»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում:

Լուսանկարը` DESiGN DELUXE-ի

Տեսանյութեր

Լրահոս