Բաժիններ՝

Apple-ը գլխավորել է «Forbes»-ի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ ապրանքանիշերի ցանկը

Apple կորպորացիան գլխավորել է «Forbes» ամսագրի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ ապրանքանիշերի վարկանիշը, «խնձորի» արժեքը երկու տարվա ընթացքում աճել է ավելի քան 50%-ով: Այս մասին տեղեկացնում է tert.am-ը` հղում անելով «ՌԻԱ նովոստի» գործակալությանը: «Apple ապրանքանիշի գինը երկու տարվա մեջ աճել է 52%-ով և այժմ 87,1 մլրդ ԱՄՆ դոլար է գնահատվում»,- ասված է հաղորդագրության մեջ: Իր վարկանիշային աղյուսակի կազմման համար «Forbes»-ը գնահատել է ընկերությունների եկամուտները վերջին 3 տարիների ընթացքում և շահույթի այն մասը, որը հիմնված է այն դերի վրա, որն այս կամ այն ապրանքանիշը գրավում է իր ոլորտում:

«Forbes»-ի վարկածով, Apple-ն առաջատար է նորարարությունների ոլորտում, և մեկ տարվա ընթացքում ապրանքանիշն ընկերությանն օգնել է 40 մլրդ ԱՄՆ դոլար վաստակել: Երկրորդ տեղում Microsoft ընկերությունն է` 54,7 մլրդ ԱՄՆ դոլարով, որը գլխավորել է սպառողական նախընտրությունների վարկանիշը, երրորդ տեղում Coca-Cola-ն է, որի ապրանքանիշի արժեքը գնահատվում է 50 մլրդ ԱՄՆ դոլար: Coca-Cola-ից հետո IBM-ն է` 48,5 մլրդ ԱՄՆ դոլարով, ապա Google-ը` 37,6 մլրդ ԱՄՆ դոլարով և Intel-ը` 32,3 մլրդ ԱՄՆ դոլարով: Ըստ tert.am-ի` վարկանիշի առաջին տասնյակում տեղ են գտել նաև McDonalds-ը և BMW-ն: Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը` Facebook-ը, վարկանիշում միայն 73-րդ տեղն է զբաղեցրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս