Պարոն Սարգսյան, Դուք հեռուստացույց կամ youtube նայո՞ւմ եք
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը` դիմելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, հարցրեց. «Պարոն Սարգսյան, բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցով հանդես գալիս` պնդեցիք, թե բյուջեի ծախսերը կատարվում են թափանցիկ, արդյունավետ: Պարոն Սարգսյան, Դուք հեռուստացույց չե՞ք նայում կամ youtube չե՞ք դիտում. եթե դիտեիք ուշադիր, կտեսնեիք, որ սեպտեմբերի 15-ին Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, դիմելով Ձեզ՝ ասաց. «Այդ առումով, Տիգրան, ես շատ դժգոհ եմ կառավարության գործունեությունից»: Խոսքը հենց վերաբերում էր ատկատներին, բյուջեի միջոցների ոչ արդյունավետ ծախսմանը, ապա այստեղ հակասություն է առաջանում՝ կա՞ն ատկատներ, թե՞ արդյունավետ են ծախսվում, երբ ասում եք՝ արդյունավետ, նկատի ունեք ատկատների արդյունավետությո՞ւնը: Սա առաջին հարց՝ խնդրում եմ պարզաբանեք այս հակասությունը»:
Ի պատասխան, Տ. Սարգսյանն ասաց. «Առաջինն ուզում եմ նշել, որ իմ ելույթում, երբ ես ներկայացնում էի 2011թ. պետական բյուջեի հաշվետվությունը, ես նշեցի, որ մեր բյուջետային ծախսերն իրականացվում են թափանցիկ: Աշխարհում շատ քիչ պետությունների շարքում ենք, որ օն-լայն ռեժիմով մեր բյուջետային ծախսերը հասանելի ենք դարձրել մեր քաղաքացիների համար, և այդ գործառույթի տեսակետից, մենք, իսկապես, ապրում ենք առաջընթաց, և այդ տեսակետից մենք ունենք շատ լավ ներդրված համակարգ: Դա ամենևին էլ չի նշանակում, թե մենք չունենք թերություններ, բացթողումներ հենց գնումների ոլորտում: Ես ուրախ եմ, որ Դուք ուշադրությամբ հետևում եք այն բացահայտումներին, որ մենք իրականացնում ենք, և ինքներս բացահայտում ենք մեր թերությունները, մեր բացթողումները, և դա է երաշխիք, որ մենք բոլոր բացթողումներն ու թերությունները կկարողանանք ժամանակին լուծել»: