«Ձերոնց գյամերը քաշեք». Արամ Մանուկյանը կառավարությունից վերաբերմունք է խնդրում
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Բամբակաշատում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին` ասելով, որ ՀՀ կառավարությանն ուղղված իր գրավոր հարցի պատասխանը ստացվել է այն ժամանակ, երբ արդեն իրադարձությունները զարգացել էին:
Միաժամանակ նա նշեց, որ այդտեղ օրենքի խախտում չկա, պատասխանը ստացվել է օրենքով ամրագրված ժամկետում, սակայն կա վերաբերմունքի խնդիր:
Նա նաև հորդորեց վարչապետին` «ձերոնց գյամերը քաշել» և ԱԺ «հիմնարկի» նկատմամբ հարգալից լինել:
Ի պատասխան Տիգրան Սարգսյանն ասաց, որ չկա մի դեպք, երբ ՀՀ կառավարության անդամներն անհարգալից են եղել ԱԺ նկատմամբ: Փոխարենը, ըստ վարչապետի` ԱԺ պատգամավորների կողմից են հնչում վիրավորանքներ ԱԺ բարձր ամբիոնից. «Այսօր այս բարձ ամբիոնից ԿԲ հաշվետվությունը որակվեց որպես աղբ: Դա բացարձակ վիրավորանք է»:
Ըստ Տ. Սարգսյանի` նման վիրավորանքները հարիր չեն հայ մարդուն: «Միաժամանակ եթե դուք պահանջում եք հարգալից վերաբերմունք, դա պետք է փոխադարձ լինի: Ձեր գործընկերներին էլ հորդորեք, որ հարգալից լինեն և այս ամբիոնից նման պահվածք չդրսևորեն: Չեմ կարծում, որ այդ պահվածքը պատիվ է բերում ընդդիմությանը»,- ասաց Տիգրան Սարգսյանը: