
Արդյո՞ք խաչ է քաշվում Օսկանյանի քաղաքական կարիերայի վրա

ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը 168.am-ի հետ զրույցում` անդրադառնալով Վարդան Օսկանյանին անձեռմխելիությունից զրկելու վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այսօրվա տարածած հայտարարությանը, ասաց. «Այսօր հետաքրքրությամբ ընթերցեցի նախապես խոստացված և երկար սպասված հայտարարությունը, և երկու տարակուսանք ունեմ հայտնելու. արդյո՞ք երկրում պետք է գոյություն ունենան հանրային-հասարակական կամ պետական ինստիտուտներ, որոնք պետք է գործեն օրենքից դուրս: Երկրորդ տարակուսանքս վերաբերում է հետևյալ հարցին՝ արդյո՞ք խորհրդարանի երեկվա որոշումը խաչ է քաշում Վարդան Օսկանյանի քաղաքական հնարավոր կարիերայի վրա: Կարծում եմ, երբ մարդն առհասարակ իր գործունեությամբ, կյանքում ունի սիրված պերոսնաժներ, ապա այդ սուբյետկիվ վերաբերմունքը խանգարում է մարդուն, գործչին օբյեկտիվորեն ընկալելու հնարավորությունները»:
Ա. Աշոտյանի խոսքով՝ ԱԺ-ում երեկ տեղի ունեցածը առաջինը չէ անկախ Հայաստանի խորհրդարանական պատմության մեջ: «Չեմ կարծում, որ այս դեպքը խորհրդարանի ինքնավարկաբեկման գործընթաց կարող է դիտվել: Հակառակ պարագայում` կարելի է նույն տրամաբանությամբ վարկաբեկված համարել Հայաստանի բոլոր գումարումների խորհրդարանների գոյության ժամանակահատվածը»,- ավելացրեց ՀՀԿ-ական նախարարը: