«Հարսնաքարի» գործով դատը նորից հետաձգվեց
Այսօր Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դարձյալ հետաձգվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը:
Բանն այն է, որ գործով մեղադրյալ Արման Բաղդասարյանի պաշտպան նշանակվեց Վաղարշակ Գևորգյանը, ով դատարանից երկու շաբաթ լրացուցիչ ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար:
Սակայն դատավորը միջնորդությունը բավարարեց մասնակի. դատավորը մեկ շաբաթ ժամանակ տվեց փաստաբանին` ասելով, թե 2 շաբաթը ողջամիտ ժամկետ չէ:
Ի դեպ, այսուհետ դատական նիստերը տեղի են ունենալու շաբաթը երկու անգամ: Իսկ դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 10-ին:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած հայտնի միջադեպի հետևանքով, ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը` հունիսի 29-ին հիվանդանոցում գիտակցության չգակով մահացել էր:
Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել էր 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը: Նրանք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից ևանզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), և 118-րդ հոդվածով (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը):