
Դատավորն իր սպանությունից առաջ նամակ էր ստացել

«Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում նախկին դաշնային դատավոր է սպանվել (անունը չի նշվում, հայտնի է միայն, որ նա կին է)»,- գրում է Gazeta.ru-ն՝ տեղեկացնելով, որ ավելի վաղ տեղի դատավորները, այդ թվում՝ հուլիսին սպանված Մյասնիկովի շրջանային դատարանի նախագահ Սամվել Մանուկյանը, սպառնալիքներով նամակներ են ստացած եղել:
Ըստ tert.am-ի` Gazeta.ru-ի աղբյուրը հայտնում է, որ Ռոստովի ոչ սլավոնական ծագումով դատավորներն էլեկտրոնային նամակներ են ստացած եղել ամռանը, «Հարավային դաշնային շրջանում ռուս ժողովրդի դեմ հանցագործությունների կոմիտեի տարածաշրջանային բաժանմունքից»: Դրանցում ասված է եղել, որ կսպանեն դատավորներին կամ նրանց բարեկամներին, այդ թվում՝ երեխաների, այն հանցագործությունների համար, որոնք, նրանց կարծիքով, թույլ են տվել դատական համակարգի աշխատակիցները:
Նամակներում ասված է, որ հասցեատերերը «դատապարտվում են մահապատժի»՝ «դիտավորյալ ապօրինի վճիռներ կայացնելու, մարդկային արժանապատվությունը նսեմացնելու, խոշտանգումների հովանավորչության և ոստիկանության ծաղրուծանակի, օտարերկրացիներին ու թմրագործներին հովանավորելու համար»:
Դատավորներին սպառնացել են գնդակահարությամբ և նրանց ունեցվածքի հրկիզմամբ:
Աղբյուրն ընդգծում է, որ նույն նամակից ստացել է նաև Մանուկյանը, ով շրջանի դատարանի նախագահ է եղել 14 տարի: Նրան 2012-ի հուլիսին Չալտիրի իր առանձնատանը գնդակահարել էին 4 անհայտ անձինք: