Ափսոսանք եմ հայտնում, որ ՀՀ երկրորդ նախագահը քաղաքական հետապնդում է տեսնում
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօր տարածած հայտարարությանը, ըստ որի՝ ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգորնախարար Վարդան Օսկանյանի դեմ կատարվածը խորհրդարանի համար ինքնավարկաբեկման ցցուն դեպք է, որն իր բացասական հետևանքներն է ունենալու երկրի վարկանիշի վրա.
«Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, այդ թվում՝ պաշտոնաթող նախագահը , իրավունք ունի, և բնական է այս կամ այն կարևոր հարցի շուրջ ներկայացնում է իր կարծիքը: Մենք մեր կարծիքն ասել ենք երեկ քվեարկության ընթացքում, քվեարկությունից առաջ և հետո՝ քվեարկության արդյունքներով: Մենք այս հարցում տեսնում ենք բացառապես իրավական խնդիր՝ անկախ նրանից` ո՞վ է այստեղ քաղաքական հետապնդման կամ քաղաքական շահարկումների խնդիր տեսնում՝ մենք դրա հետ համամիտ չենք, և գտնում ենք, որ դա հիմնավորված չէ: Եվ ես ընդամենը` որպես քաղաքացի, որպես ԱԺ փոխնանախագահ՝ ափսոսանք պետք է հայտնեմ, որ իմ երկրի երկրորդ նախագահն այս հարցում տեսնում է քաղաքական հետապնդման տարրեր: Եվս մեկ անգամ ասում եմ՝ մենք երեկ մեր կարծիքն ասել ենք, և սա բացառապես իրավական խնդիր է, և մենք այդ խնդրին մոտեցել ենք՝ իբրև իրավական տիրույթի հարց»: