«Տելեվիզր էի տալիս, որ հանեի էդ բոշա վիճակից»
«Հոկտեմբերի 1-ին Վրաստանում հաղթանակ տարավ ոչ թե փողը, այլ վրաց ժողովուրդը»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Նա հետևել է վրացական ընդդիմության գործունեությանը թե’ ընտրություններից առաջ, և թե՛ դրանից հետո, և գտնում է, որ Վրաստանում ժողովրդի միասնականությունն այդ երկրում հանգեցրեց փոփոխության:
Ըստ Տիգրան Կարապետյանի` ժողվուրդը եղավ իր խոսքի տերը, և «չծախվեց» իշխանություններին: Հայ և վրացի ժողովուրդների մտածելակերպում նա հսկայական տարբերություն է տեսնում: «Օրինակ, հենց ինձ տեսնում են` գալիս ասում են, որ ինձ սիրում են, ասում են, որ ինձ են ընտրելու, բայց հենց փողը տեսնում են` ինձ մոռանում են: Դա ի՞նչ է նշանակում: Նշանակում է, որ ժողովուրդը սոված է, փող չունի, ստիպված վերցնում է, որ գնա գլուխը պահի»,- ասել է Տիգրան Կարապետյանը:
Տիգրան Կարապետյանի խոսքով` առանց այդ «վարակի» դժվար է պատկերացնել ընտրական նորմալ գործընթաց անգամ փոքրիկ գյուղական համայնքում. «Այսինքն, իրենք իրենց վաճառում են էն մարմնավաճառների պես: Դա արդեն սովորություն է դարձել իրանց մոտ, ես ցանկանում էի հանել երկիրն էդ վիճակից, ոչ ոք չգնահատեց: Ասում են տելեվիզր է տալիս, տալիս էի, որ հանեի էդ բոշա վիճակից, բայց ինձ ծաղրում էին, ասում էին Սևան է տանում: Բա տանում էի, որ մարդիկ զգային` ո՞րն է արժանապատիվ կյանքը, բայց իրենց հինգ հազար դրամ էին բաժանում, դա էր ամոթ»: