«Մեղք է գնդակը` անիմաստ նետումների համար». Մարգարիտ Եսայանը` Մարթոն Բրաունին
ԵԽ ԽՎ-ում հունգարական պատվիրակության ղեկավար, «Ֆիդես» իշխող կուսակցության անդամ Մարթոն Բրաունը Ստրասբուրգում հայտարարել է, թե այժմ «գնդակը» գտնվում է Հայաստանի դաշտում` շեշտելով, թե հույս ունի, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները կկարգավորվեն:
ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե այս իրավիճակում նման հայտարարություն անելը, մեղմ ասած` ազնիվ չէ.«Տեսեք, Հունգարիան կատարեց իր հայտնի քայլը ևմարդասպանին հանձնեց նրան հերոսացնող երկրին, դրան հաջորդեց Հայաստանի վերաբերմունքը և մենք հայտարարեցինք, թե խզում ենք դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Ըստ էության, մեր այս հայտարարությունից հետո Հունգարիան դեռ ոչ մի քայլ չի կատարել իր սխալներն ուղղելու համար:Անգամ սովորական ֆուտբոլային պատկերով` պարզից էլ պարզ է, որ մի գնդակ իրենք են նետել, երկրորդը` մենք, և հիմա իրենց քայլի ժամանակն է: Ֆուտբոլից քիչ թե շատ հասկացող մեկի համար շատ լավ տեսանելի է այս պատկերը «դաշտում», այնպես որ` հունգարացի մեր գործընկերը ոչ ճիշտ մեկնաբանություն է արել. քայլը իրենցն է և Հունգարիան լավ կանի մտածի միջազգային նորմերով հանցագործին ետ պահանջելու մասին, և, այն մասին, թե ինչպես եղավ, որ Ադրբեջանը խաբեց իրեն: Կարծում եմ, որքան արագ մտածի և գործի` այնքան լավ թե’ իր միջազգային հեղինակության և թե’ երկու երկրների միջև հետագա կապերի վերահաստատման հնարավորությունների համար»: