Ամեն ինչ կանենք, որ ազատական ուժերը հանդես գան միասնական թեկնածուով. Սուրենյանց
2013 թվականի նախագահական ընտրություններին «Նոր աջեր՝ քաղաքացիների միություն» կուսակցությունը մասնակցություն չի ունենա: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նորաստեղծ կուսակցության հիմնադիր, «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Նորաստեղծ կուսացությունը չունի այնքան կազմակերպչական և քաղաքական ռեսուրսներ, որ առաջադրի սեփական թեկնածուն: Դրա փոխարեն՝ մենք ամեն ինչ կանենք, որ ազատական կուսակցությունները ստեղծեն միասնական պլատֆորմ, ու նախագահական ընտրություններում հանդես գանք միասնական թեկնածուով: Եթե ստացվեց` կհամարենք մեծ հաջողություն»,- նշեց Ս. Սուրենյանցը՝ հավելելով, որ ինքը՝ որպես կուսակցության ղեկավար, անձամբ կդիմի ազատական ուժերին, որպեսզի նախագահական ընտրություններում միասնական գաղափարական հարթակ ստեղծեն ու միասնական թեկնածու առաջադրեն:
Սուրենյանցի խոսքով, արդեն կան քաղաքական այն ուժերը, ում հետ ինքը պատրաստվում է համագործակցել, սակայն նպատակահարմար չի գտնում հրապարակել այդ քաղաքական ուժերի անունները: «Բոլորս էլ գիտենք, թե որոնք են դաշտում գործող լիբերալ կուսակցությունները: Քանի որ իրենց առայժմ այդ մասին չեմ ծանուցել, կոռեկտ չեմ համարում նրանց մասին խոսելը»,- ասաց Սուրենյանցը:
Անդրադառնալով նորաստեղծ «Նոր աջեր՝ քաղաքացիների միություն» կուսակցության որդեգրած նպատակներին, քաղաքականությանը, Ս. Սուրենյանցն ընդգծեց, որ, սովորաբար, Հայաստանում մի արատավոր երևույթ կա, որ կուսակցությունները ստեղծվում են խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ:
«Ես միշտ մերժել եմ այս արատավոր երևույթը, քանի որ կուսակցություն ստեղծելը համարում եմ լուրջ գործ, իսկ կուսակցությունը՝ երկարաժամկետ քաղաքական օբյեկտ: Ընդհակառակը՝ կուսակցությունը պետք է ստեղծվի ընտրություններից հետո, որպեսզի լիարժեքորեն պատրաստվի հաջորդ ընտրական գործընթացին մասնակցելու համար: Այս կուսակցությունը ստեղծված չէ մեկ ընտրական պրոցես սպասարկելու նպատակով:
Կուսակցությունը լիբերալ է, ազատական: Ես և իմ համակիրները փորձելու ենք մեր հասարակությանը մատուցել ազատական արժեքային համակարգը, որի հիմքում մարդն է՝ իր իրավունքներով, ազատություններով: Մենք հստակ պատկերացումներ ունենք ներքին և արտաքին քաղաքական գրեթե բոլոր խնդիրների վերաբերյալ: Մեր գերնպատակներից մեկը Հայաստանի ինտեգրումն է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին»,- ասաց նա:
Հարցին, թե՝ ինչո՞ւ որոշեցիք հենց աջակողմյան կուսակցություն ստեղծել, Սուրենյանցը պատասխանեց.
«Ես միշտ եղել եմ ազատական կողմնորոշում ունեցող քաղաքական գործիչ, և տարօրինակ կլիներ, եթե իմ հիմնադրած կուսակցությունը որդեգրեր այլ գաղափարախոսություն, քանի որ երբևէ ազատական արժեքներից չեմ շեղվել:
Հայաստանում, իհարկե, կան ազատական կուսակցություններ, կան և քաղաքական այնպիսի ուժեր, որոնք իրենց ազատական են հռչակում: Բայց կա մի խնդիր. ազատական կուսակցություններից շատերն այս տարիների ընթացքում ինքնուրույն հանդես չեն եկել, հանդես են եկել այս կամ այն դաշինքում ու շատ հաճախ կորցրել են իրենց դիմագիծը: Հասարակությունն անգամ նրանց որպես ազատական ուժ չի համարում»:
«Նոր աջեր՝ քաղաքացիների միություն» կուսակցության անդամագրությունը կսկսվի արդեն գործող համապատասխան նախաձեռնող խմբի կողմից նախապատրաստած՝ նոյեմբերի 6-ի հիմնադիր համագումարից հետո, երբ փաստաթղթերը կներկայացվեն ՀՀ պետռեգիստրի հաստատմանը: «Օրվա ընթացքում շատ զանգեր եմ ստանում մարդկանցից, որոնք հետաքրքրված են պրոցեսով և մեծ սիրով ցանկանում են մասնակցել գործընթացին»,- վստահեցրեց Սուրենյանցը: