«Այդ հարցն անպայման պետք է Դատախազությանը տալ»
168.am-ի հարցին, թե իրավական ի՞նչ քայլեր կարող են հաջորդել ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելուց հետո, «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը պատասխանեց. «Այդ հարցն անպայման պետք է Դատախազությանը տալ: Իրենք պետք է կարողանան բաց ճակատով ասել՝ գիտե՞ք, որ ակնկալում ենք, որ վաղն առավոտյան պետք է ներկայացնենք այս հայցը, և այլն: Քանի որ իրենք մինչ հիմա ոչ մի բան թափանցիկ ձևով չեն ներկայացրել, ու հանկարծ գնում են կրիտիկական քայլի»:
Ինչ վերաբերում է իրենց կողմից իրականացվող առաջիկա քայլերին, ապա Ս. Ղազարյանն ասաց. «Մենք պետք է շարունակենք, աշխատենք եղածի չափ բուն հետևողական ձևով, որ կարողանանք արձագանքել այս բոլորին: Մենք սպասում ենք իրենց արձագանքին: Սպասում ենք նաև բարեկամների, հարազատների արձագանքին, ինչպես Սերժ Թանգյանի, Ատոմ Էգոյանի, որ տեսնենք, թե արդյո՞ք իրենք կարևորություն տալիս են հայերի, դրսում բնակվող հայերի կարծիքին, որ տեսնենք, թե արդյո՞ք ուզում են պատկերացնել, որ այս բոլորն անելով՝ լուրջ վնասում են իրենց՝ կառավարությանը, ղեկավարությանը, դրսից եկող բարեգործությանը, ներդրումներին, տեսնենք՝ իրենք հասկանո՞ւմ են հետևանքները»:
Ս. Ղազարյանի հավաստմամբ՝ քաղաքական ուժերը ևս կարող են օգնել գործին, եթե ստեղծված իրավիճակը չդիտարկեն «Սիվիլիթասի» ու Վարդան Օսկանյանի սահմանում, այլ հասկանան, որ սրանով վնասվում են ժողովրդավարական գործընթացների մասին ընկալումները: «Հենց նման քայլերի պատճառով է, որ ինչ-որ միջազգային կազմակերպություն երկմտում է՝ Հայաստա՞ն գալ, թե՞ Վրաստան, նման քայլերի պատճառով է, որ ներդրողը որոշում է՝ Հայաստա՞ն գալ, թե՞ այլ երկիր: Նման քաղաքական քայլերը, ի վերջո, հասնում են շարքային քաղաքացուն՝ ինձ, Ձեզ: Սա միայն քաղաքական, կուսակցական պայքար չէ, սա պայքար է, որի հետևանքները մենք ենք կրում»,- ընդգծեց նա:
Հարցին՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի փակման վտանգ տեսնո՞ւմ եք, Ս. Ղազարյանը պատասխանեց. «Անշուշտ: Եթե մինչ Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու քայլը եկել-հասել են անկապ, աբսուրդ ենթադրությունների վրա, նման ոտնձգություն «Սիվիլիթասի» հանդեպ շատ հեշտ տեսնում եմ»:
Հարցին, թե՝ ի՞նչ եք պատրաստվում անել «Սիվիլիթասի» փակման վտանգը կանխելու համար, Սալբի Ղազարյանը պատասխանեց, որ իրենք պատրաստվում են այդ մասին խոսել: «Սրա մասին կարող ենք միայն խոսել, ուրիշ ոչինչ: Մենք, իհարկե, կանենք ամեն ինչ, որ նման բան չկատարվի. համենայնդեպս, մեր գործունեությունը պետք է շարունակենք, նույնիսկ, եթե մեր դռները փակեն: Հույս ունեմ, որ այդ օրը չի գա»,- անկեղծացավ Ս. Ղազարյանը: