«Սա հիմնադրա՞մ է, թե՞ դուքյան»

«Վարդան Օսկանյանի ելույթի ժամանակ որևէ բացատրություն չտրվեց, թե ուր է գնացել 181 հազարը, ինչ բարեգործական ծրագրեր են իրականացվել այս գումարներով երկու տարվա ընթացքում և ինչու «Սիվիլիթասի» հաշվետվության մեջ չկա այդ գումարը»:

«Փաստինֆոյի» փոխանցմամբ` Վ. Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդագրի վերաբերյալ այսօրվա քննարկման ժամանակ ասել է ՀՀԿ խմբակցության անդամ, Սահմանադրական իրավունք միության նախագահ Հայկ Բաբուխանյանը:

«Եթե պարոն Օսկանյանը այս ամբիոնից մեզ ասեր, որ ստացել ու փոխանցել է գումարները «Սիվիլիթասին», այդ գումարներով գնել, չգիտեմ, 100 մահճակալ մանկապարտեզի համար, 200 գիշերանոց ծերանոցի համար, վերականգնվել է մի դպրոց գյուղում և այլն, մենք կասեինք՝ պարոն դատախազ, այս մարդն ինչ ստացել է, տվել է, հիմնադրամն էլ 2 մլն-ի բարեգործություն է արել ի շահ մեր ազգի:

Բայց ոչ, փաստորեն, գումարները տրվել են պարոն Օսկանյանի միջոցով, սակայն տեղ չեն հասել, օգտագործվել են բիզնեսի մեջ, օգտագործվել են լրացուցիչ եկամուտներ ստանալու մեջ, փոխանցվել են այս կողմ այն կողմ, կանխիկացվել և այլն, և այլն»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ «այդ 181 հազարը իսկապես գնացել են ինչ-ինչ անձնական նպատակներով»:

ՀՀԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ հարցեր կան, որոնց Վ. Օսկանյանը որևէ պատասխան չտվեց, ուստի անհրաժեշտ է թույլ տալ, որպեսզի դատախազությունն իր աշխատանքը կատարի, իսկ դատարանն էլ որոշի՝ մեղավո՞ր է Վ. Օսկանյանը, թե՞ ոչ:

«Երբ բարեգործության համար տրված գումարներով Դուք բիզնես եք անում, այդ գումարները տոկոսի տակ եք դնում, ֆռռացնում, պտտեցնում, ապօրինի է: Հետևաբար ապօրինի են այդ գումարից ստացած տոկոսները, որովհետև պայմանագիրը չի ասում, որ պետք է Հանթսմանի գումարները դրվեն տոկոսի տակ»,- ասել է Հայկ Բաբուխանյանը:

Ըստ «Փաստինֆոյի»` Բաբուխանյանը «Սիվիլիթասում» տիրող իրավիճակը գնահատել է որպես «մենատիրություն» կամ «բարդակ»: «10 մլն դրամ ճմկտում է բարեգործության համար նախատեսվող գումարից «Սիվիլիթասի» խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանը, 80 հազար դոլար տրվում է Սալբի Ղազարյանին, որ հիմնադրամի տնօրենն է, մնացած գումարը տրվում է Վարդան Օսկանյանին՝ իր հայեցողությամբ և առանց ժամկետի: Սա հիմնադրա՞մ է, թե՞ դուքյան և բարեգործական գումարները գրպանել, բաժանել 10 մլն այս կողմ, 10 մլն այն կողմ, թվում է նույնպես կասկածելի»:

Տեսանյութեր

Լրահոս