Եղեգնաձորի պահածոների գործարանն օգտագործվում է՝ որպես հումք մթերող կայան
«Պասկևիչի կամուրջի հարևանությամբ, դեռ Վայոց Ձորի նախորդ մարզպետի օրոք զբոսաշրջային գոտի ստեղծելու ծրագիրը դադարի փուլում է»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: «Պասկևիչի կամուրջի հետ կապված նախագիծ է մշակվել, այսինքն` այդ ծրագրի իրականացումը հասցվել է ներդրումային բաղադրիչին:
Այն նախագծված է, և ներդրումներ կատարելու դեպքում կսկսի իրագործվել: Առայժմ ներդրումներ չկան: Վայքի քաղաքապետը մի քանի անգամ փորձել է դրանք հանել աճուրդի՝ վաճառել կամ օտարել՝ այդ ծրագրերն իրականացնելու համար, բայց, ցավոք սրտի, այդ ծրագրերի հանդեպ հետաքրքրություն դեռ չկա: Դա դեռևս գտնվում է մեր ուշադրության կենտրոնում»,- նշեց Է. Ղազարյանը:
Հարցին, թե ի՞նչ վիճակում է Եղեգնաձորի պահածոների ներկայիս վիճակը, մարզպետ Է. Ղազարյանը պատասխանեց.
«Դա մեր մարզի համար կարևորագույն խնդիրներից է: Այդ գործարանն ունի կարևոր նշանակություն տեղի արտադրանքը իրացնելու գործում, և ծրագիրն այժմ գտնվում է ՀՀ նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում: Այս տարի պայմանավորվածություն է ձեռք բերվել «Արարատ» սննդի կոմբինատի հետ, որը Եղեգնաձորի տարածքում այս տարի կազմակերպում է մթերումներ: Իրականացվել է ծիրանի, մասուրի և այլ խոտաբույսերի մթերում: Աշնանը նախատեսվում է իրականացնել խնձորի բերքի մթերման աշխատանքներ: Այսօր գործարանը ծառայում է որպես մթերման կայան՝ «Արարատ» սննդի կոմբինատի համար, այդ նույն ընկերության հետ ընթանում են բանակցական աշխատանքներ, որպեսզի այդ գործարանը օգտագործվի՝ որպես հումք մթերող գործարան: Դա կլինի, հավանաբար, աշնանը»,- ասաց Է. Ղազարյանը: