«Սա այն գործերից է, որ քաղաքականությունը ծնել է, քաղաքականությունն էլ կփակի»

«Կարծում եմ` միջնորդագիր բավարար չէ, որ պառլամենտը համաձայնություն տա զրկել Օսկանյանին անձեռնխելիությունից»: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Նշենք, որ Ս. Սուրենյանցի հետ մենք զրույցել էինք նախքան Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի քվեարկությունը, համաձայն որի`  64 կողմ, 6 դեմ և 1 անվավեր ձայներով Օսկանյանը զրկվեց անձեռնմխելիությունից:

«Ես Վարդան Օսկանյանի գործունեությանը միշտ բացասաբար եմ վերաբերվել, այդ մասին արտահայտվել եմ հրապարակավ: Հատկապես ձախողված եմ համարում նրա տասնամյա գործունեությունը որպես արտաքին գործերի նախարար ու հատկապես շատ բացասական եմ վերաբերվել նրա դերակատարությանը Մարտի 1-ի գործում: Սակայն այս ամենով հանդերձ` այն մեղադրանքը, միջնորդագիրը, որը ներկայացվել էր, իմ թվարկածների հետ որևէ առնչություն չունի:

Եթե ես լինեի պատգամավոր` դեմ կքվեարկեի միջնորդագրին, որն ինձ համար բավարար չափով համոզիչ չէր: Ընդհանրապես, պատգամավորին անձենխելիությունից զրկելու  համար, մանավանդ, երբ նա եղել է երկրի նախկին արտգործնախարարը, ներկայացված փաստերը պետք է ավելի համոզիչ լինեին: Տվյալ դեպքում` ես այդ փաստարկները չեմ տեսնում»,- ասաց Սուրենյանցը:

Վերջինս համոզված է, որ այդ քրեական գործի հիմքում քաղաքական ենթատեքստ կա՝ պայմանավորված սպասվող նախագական ընտրություններով, ներիշխանական որոշակի վերադասավորումներով: «ԲՀԿ-ն կձգտի նախագահական գործընթացն օգտագործել` իր դիրքերն իշխանական ճամբարում վերականգնելու, իր ազդեցությունը մեծացնելու համար: Սերժ Սարգսյանի թիմն էլ, բնականաբար, զիջումների չի ուզում գնալ: Սա միտված է նրան, որ ԲՀԿ-ն զրկվի մանևրելու հնարավորությունից, Սերժ Սարգսյանի կողմից ավելի վերահսկելի վարքագիծ ունենա: ԲՀԿ-ին դնում են կոնկրետ երկընտրանքի առաջ»,- հավելեց Սուրենյանցը:

Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության կողմից քվեարկությունը բոյկոտելու մասին որոշմանը, Սուրենյանցն ասաց, որ այն միանգամայն արդարացված է:

Հարցին, թե, այնուամենայիվ, ի՞նչ լուծում կստանա այս գործը, Սուրենյանցը պատասխանեց. «Սա այն գործերից է, որ քաղաքականությունը ծնել է, քաղաքականությունն էլ կփակի»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս