Փոթորիկ` մատնոցի մեջ

Երեկ ԱԺ շենքի թե՛ դրսում, թե՛ ներսում քաղաքական կրքերը շիկացել էին, որի առանցքը ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ԱԺ ներկայացրած միջնորդությունն էր: Դեմիրճյան փողոցում, ԱԺ շենքի մուտքի մոտ պատգամավորներին ծափերով, սուլոցներով և վանկարկումներով` «դիմավորում» էին Վ. Օսկանյանի պաշտպանության համար կազմակերպված ակցիայի մասնակիցները, ընդ որում` սուլում էին միայն ՀՀԿ-ական պատգամավորների վրա, այդպիսով` արտահայտելով իրենց դժգոհությունը:

Ակցիայի 200-300 մասնակիցները խորհրդարանից պահանջում էին մերժել ներկայացված միջնորդությունը: Մթնոլորտը, սակայն, ավելի թեժ էր ԱԺ Նիստերի դահլիճում, որտեղ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն իրավիճակը նմանեցրեց «Մենք ենք, մեր սարերը» վիպակի սյուժեին` մի տարբերությամբ` Ռևազը պարոն Հանթսմանն է, ով գումարներ է փոխանցել «Սիվիլիթասին», իսկ ոչխարներն էլ այն գումարներն են, որոնք, ըստ պատգամավորի, շահարկումների առիթ դարձան:

«Այստեղ ակնհայտ դարձավ, որ ներկայացրած միջնորդագիրն իրավական տեսակետից զրոյական վիճակում է: Այստեղ չկա իրավական հիմնավորում»,- ասաց Ա. Մինասյանը: Նույն խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանն էլ անդրադառնալով հարցի քաղաքական կողմին` նշեց, որ Վ. Օսկանյանը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, դա պարտավոր են ապացուցել իրավաբանները: «Իսկ էստեղ արդեն մյուս ծայրահեղության մեջ մտանք` քիչ առաջ Վարդան Օսկանյանին շպիոնաժի մեջ էլ մեղադրեցին` Ղարաբաղը ծախեց, Քելբաջարն անվանեց օկուպացրած տարածքներ, լավ, և էդ խոսում են մարդիկ, ում ժամանակ, էս չէ, մի քիչ ուրիշ տեսակի դահլիճում, պատգամավորներին ձերբակալելուց առաջ ծեծում էին: Հիմա, իհարկե, պրոգրես ենք ապրում` ուղղակի կալանավորում են` առանց ծեծելու:

Ես, կարծում եմ, ծայրահեղությունների մեջ ենք մտնում, հայրենակիցներ, և կարծում եմ, որ էդ կոշտ մեղադրանքներից դեպի մեղմ ամբաստանություն էս ելևէջները ոչ մեկն էլ արդարացված չեն»,- ասաց Վ. Հովհաննիսյանը` մատնանշելով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքերը. «Ի՞նչ ենք լսում հարգարժան Հանրապետական կոլեգայից` մեղմ ամբաստանություն, որ Վարդան Օսկանյան, բա դու էդ տղեն էի՞ր, ինչի՞ գնացիր իշխանություններին քննադատելու: Էդ էսօր ասելու բա՞ն ա: Գալուստ Գրիգորիչն ասեց, ուշադիր լսեիք, ընդ որում` ինքն ասել է Ձեր քվեարկության տոնով»: Իսկ ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ հայտարարեց, որ իրենք չեն քվեարկելու միջնորդությանը, և, որ «իրենց գործընկերոջը չեն հանձնելու»:

«Ոչ ոք չի ասում, թե պարոն Օսկանյանը մեղավոր է: Եվ կարծում եմ` մի տեսակ սցենար է աշխատում մեր իրականության մեջ` նրանք, ովքեր երկար տարիներ իշխանության մեջ են լինում, մի քանի ամիս հետո չեն դիմանում դրսին, և ասում են` իշխանությունները ձախողել են: Ես չեմ կարծում, թե պարոն Օսկանյանն այն քաղաքական գործիչն է իր տեսակով, բնույթով, բարեկրթությամբ, որ պետք է խառնվեր այդ տեսակի ամբողջականության մեջ, առավել ևս, այստեղ քաղաքական խնդիր չկա` փորձ է կատարվում այսօր հակադրությունների մի ճանապարհ ստեղծել քաղաքական ուժերի մեջ: Երբեք ու երբեք չհավատաք, որ ՀՀԿ-ն որևէ քաղաքական ուժի հետ կհակադրվի` առավելապես կամ մասնավորապես` ԲՀԿ-ի հետ: Մենք միասին ճանապարհ ենք անցել: Սրանից 6-7 ամիս առաջ նույն երգն էին երգում: Այսօր էլի ոչինչ չի փոխվել»,- նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` հավելելով, թե ՀՀԿ-ն քվեարկելու է իր ելույթի տոնայնությամբ:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, թե ինքը հարկ չի համարում քննարկել ներկայացված միջնորդությունը, և դրա համար իրենք որևէ հարց չուղղեցին ՀՀ գլխավոր դատախազին, որ ԱԺ Նիստերի դահլիճում էր, քանի որ, ըստ ԲՀԿ-ի, այն որևէ իրավական հիմք չունի: «Այն բացառապես իր մեջ պարունակում է քաղաքական կոմպոնենտ` ուղղված ոչ միայն ԲՀԿ պատգամավոր ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին, այլ նաև ուղղված բացառապես ԲՀԿ-ի դեմ»,- ասաց Ն. Զոհրաբյանը, ում խոսքով` քաղաքական դրդապատճառներով վերաբերմունքը սկսեց դրսևորվել ԲՀԿ վերջին համագումարից հետո:

ԲՀԿ պատգամավորն այնուհետ հայտարարեց, որ իրենք բոյկոտում են Աժ քառօրյա նիստերը, և ԲՀԿ պատգամավորների ելույթներից հետո լքելու են ԱԺ Նիստերի դահլիճը: «Մեզ այլ եզրակացություն չի մնում անել, բացի այն, որ սա քաղաքական պատվեր է ԲՀԿ-ի դեմ: Այդ մասին տեղեկացվելու է միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներում: Վաղը ես և իմ գործընկերը կխոսենք նաև ԵԽ ԽՎ-ում: Կրկնում եմ` ԲՀԿ-ի հետ որևէ մեկը չի կարող իրեն իրավունք վերապահել խոսել քաղաքական պատվերների և քաղաքական հաշվեհարդարի ձևով»,- ընդգծեց Ն. Զոհրաբյանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն էլ իր ելույթում նախ` անդրադարձավ Ա. Հովսեփյանին. «Այստեղ է ենթադրյալ, հնարավոր կասկածյալը կամ մեղադրյալը` խոսքը Աղվան Հովսեփյանի մասին է, ով ներկայանում է` որպես ՀՀ գլխավոր դատախազ: Այստեղ է նույնիսկ իրեղեն ապացույցը` Հովսեփյանն ինքն է բերել ԱԺ կամ ապացույցն է Աղվան Հովսեփյանին բերել ԱԺ` խոսքը «տխրահռչակ» «Ֆոլկսվագեն ֆաետոն» ավտոմեքենայի մասին է, որ սպասարկում է Հովսեփյանին»: Ն. Փաշինյանի խոսքով` այդ ավտոմեքենան պատկանում է մեկ այլ անձի, որը, համաձայն մամուլի հրապարակումների, հայտնել էր, թե ուզում է ետ վերցնել ավտոմեքենան: Պատգամավորի փոխանցմամբ` հարց է ծագում, թե ինչո՞ւ դատախազի դեմ քրեական գործ չի հարուցվում։

Ապա անդրադարձավ Վ. Օսկանյանին, որին հարցեր էր ուղղել հարցուպատասխանի ժամանակ: «10 տարի ԱԳՆ նախարար լինելով` տիրապետել եք պետական գաղտնիքների, այնպիսի տեղեկությունների, որոնք ստրատեգիական նշանակություն ունեն Հայաստանի համար: Այդ ընթացքում ԼՂՀ-ն դուրս է մնացել բանակցային սեղանից: Ձեր արտգործնախարար եղած ժամանակ ստեղծվել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու փաստաթուղթ: Դուք` Ձեր արտգործնախարար եղած ժամանակ Լաչինն ու Քելբաջարն անվանել եք օկուպացրած տարածքներ, էդ ընթացքում եղել է Քի-Վեսթը և այլն: Այդ ընթացքում 10 տարվա արտգործնախարարի մեկ էլ պարոն Հանթսմանը ինչ-որ մի հատ երկրի 2 մլն դոլար է նվիրում: Սա ի՞նչ է նշանակում: Կոռուպցիան արդյո՞ք հենց սա չէ»,- Վ. Օսկանյանին հարցրեց Ն. Փաշինյանը` ապա ավելացրեց, թե իրավաչա՞փ է համարում իրավապահ մարմինների գործողությունները, և արդյո՞ք դատապարտում է ԲՀԿ-ի պահվածքը 2008թ. մարտի 4-ի նիստին, երբ 4 պատգամավորներ նույն գլխավոր դատախազի միջնորդությամբ հանձնվեցին իրավապահներին:

«Պարոն Փաշինյան, Դուք վերջերս Մեղրիում եղե՞լ եք` Մեղրին տեղում է: Ղարաբաղ, չգիտեմ, գնացե՞լ եք Լաչինով Քելբաջար, թե՞ չէ` ես վերջերս եղել եմ: Հետաքրքիր է` Հանթսմանի նման մարդը, որ միլիարդատեր է աշխատել, 2մլն տվել է մի «ապրանքի» դիմաց, որ չի ստացել: Կարծեմ, իմ կողմից լավ դիվանագիտություն է եղել, որ կարողացել եմ մեր «ապրանքը», կներեք, ուղղակի այնքան սարկազմ կա Ձեր հարցի մեջ, որ չեմ կարող ուրիշ ձև չպատասխանել: Մերը պահել եմ մեզ, և 2մլն բերել եմ Հայաստան»,- պատասխանեց Վ. Օսկանյանը` մնացյալ հարցերի մասին Փաշինյանին առաջարկելով խոսել առանձին: Իսկ Վ. Օսկանյանը, որ բավական հուզված էր իր ելույթի ժամանակ` անընդհատ շեշտադրում էր անում, թե ինչպե՞ս են 10 տարի արտգործնախարար աշխատած մարդուն նման հարցեր տալիս: «Պարոն դատախազ, փողը կա, բողոքը չկա, այլ հակառակը` պնդումը կա: Հանթսմանն ասում է, որ հենց այդպես էլ պիտի լինի, մենք այդպես ենք ուզել:

«Սիվիլիթասի» խորհուրդն ասում է` մենք խնդիր չունենք, էդպես էլ պետք է լիներ. փողը կա, բողոքը չկա: Ի՞նչ ասեմ ես: Ես կարծում եմ, որ սա փոթորիկ է ոչ թե ինչ-որ փոքր բաժակի մեջ, այլ փոթորիկ է մատնոցի մեջ: Իսկապես, ես նստած լսում եմ, մտածում եմ` մենք մեր երկրի խնդիրները թողած, այս հարցերո՞վ պիտի զբաղվենք, սրա՞նք են մեր խնդիրները: 10 տարվա արտգործնախարարին բերում եք` այսպիսի հարցադրումնե՞ր եք անում»,- ասաց Վ. Օսկանյանը: Իսկ միջնորդության մասին քննարկումները շարունակվելու են այսօր, հավանաբար այսօր էլ կկայանա քվեարկությունը:

Տեսանյութեր

Լրահոս