
«Արենի փառատոնի» գինիները գնորդին կներկայացվեն նոր տեսքով

«Բարձրորակ բերքի առկայությունը գինեգործներին թույլ կտա արտադրել գինի՝ միջազգային շուկաների չափանիշների համաձայն»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին «Գինեգործության զարգացման հնարավորությունները՝ որպես արտահանմանն ուղղված քաղաքականության գերակա ուղղություն» առաջադրված թեմայի բանախոսները:
Ըստ «Արենի փառատոն» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանի, ձեռնարկվում են բոլոր նախադրյալները թե՛ խոշոր ձեռնարկությունների, թե՛ անհատ արտադրողների գինիները մրցունակ և պահանջվող դարձնելու համար: Այս տարի, հոկտեմբերի 6-ին, 2012թ. ծրագրի շրջանակներում, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի աջակցությամբ, Արենի համայնքի, «Հայաստանի համայնքների միության» և այլ գործընկերների հետ համագործակցությամբ կազմակերպվում է ավանդական դարձած «Արենի» գինու փառատոնը:
Ինչպես նշեց «Արենի փառատոն» հիմնադրամի նախագահը, այս տարի տնային պայմաններում պատրաստված գինիները գինեգործները կկարողանան վաճառել հատուկ տարաներով՝ առավել ներկայանալի պայմաններ ստեղծելու և վաճառքի տեսքն ապահովելու համար: «Գինեգործներին տրամադրված գինու տարաների վրա նրանք պետք է փակցնեն իրենց անունը և հեռախոսահամարը, որպեսզի դիմումների և նոր պատվերների համար գնորդն իմանա, թե ում պետք է դիմի կամ բողոքի»,- նշեց Նունե Մանուկյանը: