Քամուց քցվածները (Սարերի)
Երեկ «ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը սենսացիոն հայտարարություն է արել` նշելով, որ «Ազատ դեմոկրատներ» (ԱԴ) կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ պայմանավորվածություն է ունեցել, որի համաձայն` իրենք երկուսով պետք է հրաժարվեին պատգամավորական մանդատից` ավելի երիտասարդներին տեղ տալու նպատակով: Մինչդեռ «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները երեկ, ըստ էության, ստախոսության մեջ են մեղադրել Ր. Հովհաննիսյանին, ում մարդկային, բարոյական և էթիկական որակների հանգույն առաջնորդվելու մասին ուխտ էին արել մի քանի ամիս առաջ:
ԱԴ Կուսակցության մամլո խոսնակն ասել է, որ նման պայմանավորվածություն չի եղել, փոխնախագահ Անուշ Սեդրակյանը նշել է, որ նման պայմանավորվածություն չէր կարող լինել, իսկ «Ազատ դեմոկրատների» գործադիր քարտուղար Մասիս Այվազյանը հայտարարել է, որ ինքը տեղյակ չէ նման պայմանավորվածության մասին:
Այսպիսով, կամ իսկապես Ր. Հովհաննիսյանն է սուտ խոսում, կամ «Ազատ դեմոկրատները»: Խաչատուր Քոքոբելյանը հանրապետությունում չէ, և Ր. Հովհաննիսյանը սպասում է նրա վերադարձին, ինչպես ինքն է ասել` այդ և այլ հարցերի վերաբերյալ պատասխաններ ստանալու համար:
Մյուս կողմից` հաշվի առնելով հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակակից հնարավորությունները, դժվար չէ ենթադրել, որ «Ազատ դեմոկրատները» հերքել են Ր. Հովհաննիսյանին` իրենց ղեկավարի հետ ճշտելուց հետո միայն: Այսպիսով, Խ. Քոքոբելյանը վերադարձից հետո կամ անձամբ պետք է հայտարարի, որ Ր. Հովհաննիսյանը ստում է և նման պայմանավորվածություն չի եղել, կամ պետք է հաստատի «Ժառանգության» ղեկավարի ասածը: Այդ դեպքում էլ կամ պետք է, պայմանավորվածության համաձայն, հրաժարվի մանդատից, կամ ականատես կլինենք հերթական քաղաքական ապահարզանին:
Ընտրություններից առաջ, ի դեպ, Ր. Հովհաննիսյանի գլխավորած ցուցակի անդամները` «Ժառանգության», «Ազատ դեմոկրատների» և հանրային սեկտորի ներկայացուցիչները, հայտարարում էին, որ միասին սարեր են շարժելու: Առայժմ նրանց հաջողվել է շարժել միայն Ր. Հովհաննիսյանի պատգամավորական մանդատը:
Ըստ Ր. Հովհաննիսյանի` պայմանավորվածությունները խախտելու կամ, հայաստանյան քաղաքական բառապաշարով` «քցելու» արդյունքում: Հետաքրքիր է` այսքանից հետո Ր. Հովհաննիսյանն «Ազատ դեմոկրատների» համար շարունակո՞ւմ է հանդիսանալ «Նոր Հայաստանի» առաջնորդ և նախագահի ցանկալի միասնական թեկնածու: