Ալեքսանդր Արզումանյանի հայտարարությունը ԱԺ նիստում
«Նախորդ քառօրյայի վերջին նիստի ընթացքում մենք մտքեր փոխանակեցինք «ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրությունը վավերացնելու վերաբերյալ: Ես կցանկանայի վերստին շեշտել, որ մեր խմբակցությունը որևէ խնդիր չունի Հայաստանի Հանրապետության՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հետ, ավելին՝ մենք գտնում ենք, որ դա օրվա թելադրանք է: Մեր առարկությունները վերաբերում էին խնդրո առարկա արձանագրության տեքստին, որով, ըստ մեզ, սահմանափակվում է ՀՀ ինքնիշխանությունը: Ըստ արձանագրության՝ Հայաստանը իրավունք չի ունենա իր իսկ տարածքում տեղակայել ոչ ՀԱՊԿ անդամ որևէ պետության ռազմական ենթակառուցվածքի որևէ օբյեկտ, առանց Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, և Ուզբեկստանի իշխանությունների գրավոր համաձայնության: Ընդսմին, միանգամայն անորոշ է մնում, թե ի՞նչ ասել է «ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ» հասկացությունը:
Ես այժմ չեմ կրկնի մեր կողմից բերվող բոլոր փաստարկները: Մենք վերահաստատում ենք, որ դեմ ենք քվեարկելու սույն արձանագրության վավերացմանը:
Մտահոգիչն այն էր, որ շատ կոնկրետ մի արձանագրության տեքստի շահագրգիռ, փաստարկված քննարկման փոխարեն, ձևախեղվեց հարցի էությունը և այս ամբիոնից ելույթներ հնչեցին առ այն, որ ճակատագրական հարց ենք քննարկում և պետք է գիտակցենք Հայաստանի՝ ՀԱՊԿ մաս կազմելու անհրաժեշտությունը և որևէ այլ ռազմական դաշինքի մեջ մտնելու անթույլատրելիությունը: Ստիպված եմ կրկին փաստել, որ ռազմաքաղաքական դաշինք ընտրելու հարց այսօրվա հայաստանյան քաղաքական դիսկուրսում գոյություն չունի, մենք ընդամենը քննարկում ենք ՀԱՊԿ շրջանակներում ստորագրված գեթ մեկ արձանագրության՝ այս պահին վավերացնելու նպատակահարմարությունը: Վերջակետ, այլ հարց մենք չենք քննարկում:
Ելույթներից մի քանիսում ասվեց ամեն ինչ, բացի խնդրո առարկա արձանագրությունից…
Ասվեց, որ Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է պատերազմի, որ Թուրքիան իրականացնում է իսլամականության իր քաղաքականությունը, և վերականգնում իր ամբիցիաները ոչ միայն տարածաշրջանում, այլ աշխարհում, որ Թուրքիան հանդիսանում է ԼՂՀ կոնֆլիկտի չորրորդ կողմը, և մեզ թշնամի մասնակիցը, որ Թուրքիան բռնազավթել է Կիպրոսի կեսը, ունի լարված հարաբերություններ Հունաստանի հետ` սահմանային կղզիների հետ կապված, որ Թուրքիան հրահրել է քաղաքացիական պատերազմներ Լիբիայում և Եգիպտոսում, իսկ այսօր ներգրավված է սիրիական կոնֆլիկտում, որ Թուրքիան և Ադրբեջանը ցանկացած պահի պատրաստ են հարձակվել Հայաստանի վրա: Այդ երկրների մենթալիտետը ցեղասպանաստեղծ է, այսինքն նրանք խնդիր ունեն ոչնչացնելու հայ էթնոսը և, որ այս պարագայում մենք պետք է լինենք Ռուսաստանի հետ ռազմական դաշինքի մեջ:
Խոսվեց նաև 1992թ. Ադրբեջանի վարչապետ Հասանովի՝ Թուրքիայի պրեզիդենտ Տուրգուտ Օզալին և վարչապետ Սուլեյման Դեմիրելին ուղղված նամակի մասին, 1992թ. Թուրքիայի դաշտային երրորդ բանակի Իգդիր-Ղարս-Սարիղամիշ տարածքում խոշոր զորավարժություններ անցկացնելու մասին, 1992թ. մարտի 20-ին Ռուսաստանի պետական դումայում հատուկ լսումների մասին, ոմն Մուխայեդդին Ֆիսուր-Օղլու հայտարարարության մասին, ավիացիայի մարշալ Շապոշնիկովի հատուկ ասուլիսի մասին և այլն:
Եվ էլի մի շարք զուլում բաների մասին իմացանք, բայց այդպես էլ չասվեց, թե ինչն է մեզ ստիպում ճորտի նվիրվածությամբ պաշտպանել մեր ժողովրդի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած առաջարկ:
Միակ փաստարկը, թերևս, այն էր, որ վավերացնելով այս արձանագրությունը մենք հավաստում ենք մեր հավատարմությունն ու նվիրվածությունը ՀԱՊԿ-ի հիմնական դրույթներին, վստահություն ենք ձեռք բերում մեր գործընկերների աչքերում: Միակ բանը, որ կարելի է ասել ի պատասխան այս փաստարկի այն է, որ ցանկացած գործընկերության կայացման համար անհրժեշտ է, որ վստահությունը, հավատարմությունը և նվիրվածությունը լինեն փոխադարձ, հակառակ դեպքում մենք գործ ունենք ստրկամտության անթաքույց դրսևորումների հետ, որոնք, ի վերջո, հանգեցնում են պետությունների միջև վասսալային հարաբերությունների ձևավորմանը:
Վերջում բերեմ մի շատ խոսուն վիճակագրություն.
Այսօրվա դրությամբ ՀԱՊԿ ձևաչափով ստորագրվել է 39 միջազգային պայմանագիր, այդ թվում՝ 21 համաձայնագիր և 16 արձանագրություն: Ընդհանուր թվից 36 փաստաթուղթ արդեն ուժի մեջ է մտել, ընդ որում Հայաստանը և Բելառուսը վավերացրել են 38 պայմանագիր, Ղազախստանն ու Տաջիկիստանը՝ 37, Ղրղզստանը՝ 35, իսկ Ռուսաստանի Դաշնությունը՝ ընդամենը 32:
Այսինքն, 39 բազմակողմ պայմանագրերից ինքը Ռուսաստանը վավերացրել է 32-ը, իսկ Հայաստանն այս պահի դրությամբ ունի 100 տոկոսանոց ցուցանիշ, վավերացնելով 38 պայմանագիր:
Այստեղ են ասում, պարոնա՛յք, չի կարելի փորձել Հռոմի պապից ավելի կաթոլիկ ներկայանալ»: